2026-ը բախտորոշ ու կարևոր տարի է և մեր յուրաքանչյուրից է կախված ինքնիշխան, ժողովրդավար և բարգավաճ հայրենիքի ապագան. ՍԴՀԿ

Սոցիալ Դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայասատանի շրջանի վարչությունը հանդես է եկել  ամանորյա ուղերձով, որում մասնավորապես ասվում է.

 

«Սիրելի, հայրենակիցներ

ավարտին է մոտենում 2025 թվականը․ թերևս այն շատ ակտիվ տարի էր թե՛ արտաքին, թե՛ ներքաղաքական կյանքում և մեծ մտորումների առիթ տվեց՝ ինչպիսին պետք է լինի Հայաստանը 2026-ին և դրանից հետո։

 

Մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և հանդարտություն,  որպեսզի կարողանանք դիմագրավել նոր մարտահրավերները և առկա հարցերը հնարավորինս արագ հարթել։ Դեպի ապագան է պետք նայել՝ ստեղծելով ուժեղ ու դիմադրողունակ պետություն։

 

Հաշվի առնելով, որ 2026 թվականը լինելու է ընտրական տարի` բոլորը փորձելու են ձեզ համոզել, որ իրենք են ճիշտը։ Հավատացեք նոր գաղափարներին և ազնիվ քաղաքական ուժերին, պայքարեք ձեր ձայնի և ձեր ձայնով ձեռք բերվող իրավունքների համար։

 

ՍԴՀԿ-ն նույնպես անմասն չի մնալու այս գործընթացից։ Եկեք միասին պայքարենք ոչ թե պառակտված, այլ համերաշխ հասարակություն ունենալու համար։ Ձգտենք քաղաքական պայքարը բարձրացնել քաղաքակիրթ մակարդակի` մերժելով անձնական վիրավորանքների, պիտակավորումների և ցեխարձակումների վրա հիմնված առկա քաղաքական մշակույթը:

 

Ի գո'րծ, սիրելի' հայրենակիցներ, առջևում բախտորոշ ու կարևոր տարի է և մեր յուրաքանչյուրից է կախված ինքնիշխան, ժողովրդավար և բարգավաճ հայրենիքի ապագան: