Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի հարավ-արևմուտքում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ։
Գործակալության տվյալներով՝ բախումները տեղի են ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Չահարմահալ և Բախտիարիե նահանգի Լորդեգան քաղաքում։ Որոշ ցուցարարներ սկսել են քարեր նետել քաղաքի վարչական շենքերի և բանկերի վրա՝ վնասելով մի քանի կառույցներ։
«Բողոքի ցույցերի ժամանակ երկու մարդ է զոհվել», — հայտնել է գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
Fars-ը պարզաբանել է, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել հունվարի 1-ին՝ կեսօրից առաջ, և քաղաքում իրավիճակը ներկայումս հանգիստ է։
«Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել բողոքի ցույցերը ցրելու համար, որոշ ցուցարարներ զենք են ունեցել… Նրանցից մի քանիսը սկսել են կրակել ոստիկանական ուժերի վրա, վիրավորվել է մի քանի ոստիկան », — նշվում է հաղորդագրության մեջ։
Press TV-ն հաղորդել է Իրանի արևմուտքում գտնվող Քուհդաշտ քաղաքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված «Բասիջ» կազմակերպության անդամի մահվան մասին։
Դեկտեմբերի վերջին Իրանում բողոքի ցույցեր են սկսվել տեղական արժույթի՝ իրանական ռիալի արժեզրկման ֆոնին։ Բողոքի ակցիները փոխարժեքի կտրուկ տատանումների և մեծածախ ու մանրածախ գների վրա դրանց ազդեցության դեմ են։ Սոցցանցերում հայտնվել են Թեհրանում և այլ քաղաքներում բողոքի ցույցերի տեսանյութեր։ Այս ֆոնին հրաժարական է տվել Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը։ Նրա փոխարեն դեկտեմբերի 31-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմատին։
Իրանում բարձր գնաճ է նկատվում (Կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճի մակարդակը հասել է 38.9%-ի), և ռիալը արագորեն թուլանում է. վերջին ամիսներին դոլարի նկատմամբ այն մի քանի անգամ հասել է ռեկորդային ցածր մակարդակի։ Մի քանի տարի առաջ, մինչև ԱՄՆ-ի՝ 2018 թվականի մայիսին միջուկային համաձայնագրից դուրս գալը, դոլարի ոչ պաշտոնական արժեքը կազմում էր շուրջ 50,000 ռիալ։ Այժմ մեկ դոլարը բաց շուկայում արժե 1.4 միլիոն ռիալ։