Մեր հզոր բանակը գիտի՝ ուր թիրախավորել Իրանի ինքնիշխանության դեմ ոտնձգության դեպքում․ ԱԳՆ

Փոխարժեքի ժամանակավոր տատանումներից տուժած Իրանի բնակիչները վերջին շրջանում խաղաղ բողոքի ակցիաներ են անցկացնում, ինչի լիակատար իրավունքն ունեն: Այս մասին սոցցանցերում գրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին:


«Սակայն դրանից բացի, մենք ականատես ենք եղել բռնի անկարգությունների առանձին դեպքերի, այդ թվում՝ հարձակման ոստիկանական տեղամասի վրա և ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլների» նետման:


Հաշվի առնելով նախագահ Թրամփի կողմից ԱՄՆ տարածքում Ազգային գվարդիայի տեղակայումը՝ նա, ինչպես ոչ ոք, պետք է հասկանա, որ պետական սեփականության դեմ հանցավոր հարձակումներն անթույլատրելի են:


Հենց այդ պատճառով նախագահ Թրամփի հայտարարությունը, որը հավանաբար գտնվում է դիվանագիտությունից վախեցողների կամ այն սխալմամբ անպետք համարողների ազդեցության տակ, անխոհեմ է և վտանգավոր:


Ինչպես նախկինում, Իրանի մեծ ժողովուրդը վճռականորեն կմերժի ցանկացած միջամտություն իր ներքին գործերին: Նմանապես, մեր հզոր զինված ուժերը պատրաստ վիճակում են և հստակ գիտեն, թե ուր թիրախավորել Իրանի ինքնիշխանության դեմ ցանկացած ոտնձգության դեպքում»,- նշել է նա: