Հանուն հանրապետության կուսակցությունը ողջունում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի բարձրաձայնումը։ Սկսված քննարկումները պետք է ծառայեն մեկ նպատակի՝ Եկեղեցու հեղինակության, հավատացյալների վստահության և հոգևոր կյանքի արժանապատվության վերականգնմանը։ Եկեղեցին մեր ինքնության, մշակույթի և համազգային համախմբման առանցքային հաստատությունն է, և դրա առողջացումը հանրային կարևորություն ունի։
Միևնույն ժամանակ համոզված ենք, որ տեղի ունեցողը վերաբերում է եկեղեցու ներքին ճգնաժամին և պետք է լուծում ստանա եկեղեցու ներսում՝ եկեղեցական հայրերի, մասնավորապես եպիսկոպոսների և պատրիարք սրբազանների կողմից, բացառապես կանոնական ընթացակարգերով։ Սա չպետք է վերածվի եկեղեցի–պետություն կամ եկեղեցի–իշխանություն հակադրության, որովհետև նման հակադրությունը միայն խորացնում է բաժանումը և թուլացնում է թե՛ պետական, թե՛ եկեղեցական ինստիտուտների նկատմամբ վստահությունը։
Հանուն հանրապետության կուսակցությունը աջակցում է բարենորոգման գաղափարին՝ որպես բարեվարքության, պատասխանատվության, թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդման օրակարգ։ Բայց մենք միաժամանակ անընդունելի ենք համարում ցանկացած քաղաքական ուղղակի ներգործություն՝ կաթողիկոսական տեղապահի ընտրության, կանոնադրական փոփոխությունների կամ Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացներում։ Քաղաքականությունը չի կարող և չպետք է լինի այդ գործընթացների մաս, որովհետև այդ դեպքում բարենորոգումը կդառնա քաղաքական շահարկումների պատանդ, իսկ ընդունված որոշումների լեգիտիմությունն ու արժանահավատությունը՝ կդրվեն կասկածի տակ։
Պետության և քաղաքական ուժերի օրինական դերը կարող է լինել միայն օժանդակ՝ ապահովել իրավական կարգը, հանրային խաղաղությունը, խոսքի ազատությունը՝ առանց ատելության ու բռնության, և պաշտպանել Եկեղեցու ինքնավարությունը՝ որպես սահմանադրական և հասարակական արժեք։ Մեր համար ընդունելի է այն աջակցությունը, որը չի ղեկավարում, չի թելադրում, չի փոխարինում Եկեղեցուն, այլ ստեղծում է միջավայր, որ Եկեղեցին ինքնուրույն կարողանա հաղթահարել ճգնաժամը և դուրս գալ ավելի ուժեղ։
Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին՝ հոգևորականներին, հավատացյալներին և քաղաքական դերակատարներին՝ պահպանել զսպվածություն, չխորացնել հասարակության բաժանումը, չսրել լարվածությունը սրբավայրերում և չվարկաբեկել Եկեղեցին՝ ներքաղաքական շահարկումների համար։ Եկեղեցու բարենորոգումը պետք է լինի կանոնական, արժանապատիվ և համախմբող գործընթաց, որի վերջնական արդյունքը պետք է լինի՝ ուժեղացած Եկեղեցի և ավելի համախմբված Հանրապետություն։