Մերցը պահանջում է խստացնել ելքի կանոնները. ուկրաինացի երիտասարդների հոսքը Գերմանիա 10 անգամ աճել է

Ուկրաինան պետք է ապահովի, որ երիտասարդ տղամարդիկ մնան երկրում և չմեկնեն արտերկիր: Այս մասին «կամեցողների կոալիցիայի» հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով ntv-ին։


Մերցը կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապահովել, որ երիտասարդ ուկրաինացի տղամարդիկ զինվորական ծառայություն անցնեն իրենց երկրում։ «Ուկրաինան պետք է երաշխավորի դա, որպեսզի երիտասարդները չմեկնեն Գերմանիա, Լեհաստան կամ Ֆրանսիա»,- ասել է նա։


Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, որ երկրում նկատվում է երիտասարդ ուկրաինացիների թվի զգալի աճ այն բանից հետո, երբ Կիևը թույլատրեց 18-ից 22 տարեկան տղամարդկանց ելքը երկրից։


Ըստ Մերցի՝ նա խնդրել է Ուկրաինայի նախագահին ապահովել զինվորական ծառայության անցումը երկրի ներսում, որպեսզի երիտասարդ տղամարդիկ չմեկնեն Գերմանիա։


Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր զորակոչային տարիքի (18-60 տարեկան) ուկրաինացի տղամարդկանց ելքն արտերկիր արգելված էր։ Մինչև 22 տարեկան երիտասարդների համար բացառությունն արվել էր միայն 2024 թվականի օգոստոսին։


Միևնույն ժամանակ, ինչպես նշել էր Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության խոսնակ Անդրեյ Դեմչենկոն, երկրից դուրս գալը հնարավոր է միայն անձնագրի և զինվորական հաշվառման փաստաթղթի առկայության դեպքում։


Նոր կանոնների ֆոնին Գերմանիա ժամանող ուկրաինացիների թիվը կտրուկ աճել է։ Bild թերթը հայտնել էր, որ շաբաթական ստացվում է պաշտպանություն ստանալու մոտ 1000 հայտ, մինչդեռ նախկինում դրանք մոտ 100-ն էին։ Սա առաջացրել է գերմանական իշխանությունների անհանգստությունը և հանգեցրել միգրացիոն քաղաքականության խստացման անհրաժեշտության շուրջ քննարկումների։