Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը աջակցություն կցուցաբերի Իսքենդերուն քաղաքում երկրաշարժից վնասված «Քառասուն մանկանց» հայկական եկեղեցու վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ։
19-րդ
դարի վերջին կառուցված և Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում
գտնվող եկեղեցին վնասվել է 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի
ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժից։
Եկեղեցուն
հասցված վնասի վերաբերյալ հարցը արքեպիսկոպոս Մաշալյանը քննարկել է Թուրքիայի
մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ՝ 2025 թվականի դեկտեմբերին
Անկարա կատարած այցի ժամանակ։