Գերմանիայի զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում նույնիսկ հրադադարից հետո․ Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Փարիզում «կամեցողների կոալիցիայի» հանդիպումից հետո հայտարարել է, որ գերմանական զորքերը չեն տեղակայվի Ուկրաինայում նույնիսկ կրակի դադարեցումից հետո։ Այս մասին հայտնում է BILD պարբերականը։


Միևնույն ժամանակ, ըստ պարբերականի տվյալների, նա հնարավոր է համարում այս հարցի շուրջ հետագա ներքաղաքական քննարկումները։ Քաղաքական գործիչը նաև հստակեցրել է, որ Ուկրաինայի անվտանգությանն ուղղված գերմանական աջակցության բնույթն ու ծավալը, ներառյալ քաղաքական, ֆինանսական և ռազմական օգնությունը, կորոշեն կառավարությունը և Բունդեսթագը՝ հրադադարի պայմանների հաստատումից հետո։


«Գերմանիան կշարունակի իր ներդրումն ունենալ՝ քաղաքական, ֆինանսական և նաև ռազմական»,— նշել է Մերցը։


Նշվում է, որ կանցլերը ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ միասին ներկա չեն եղել հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի մեկնարկին, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը և Զելենսկին ստորագրում էին համատեղ հռչակագիր՝ հրադադարից հետո Ուկրաինայում միջազգային ուժեր ստեղծելու մտադրության մասին։


Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թույլատրելի էր համարել հազարավոր ֆրանսիացի զինվորականների տեղակայումը Ուկրաինայում։