ՌԴ արտաքին գործերի նախարարությունը «լուրջ մտահոգություն» է հայտնել Ատլանտյան օվկիանոսում ԱՄՆ զինվորականների կողմից Bella 1 («Մարիներա») նավթի լցանավի կալանման կապակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով՝ դա եղել է նավի դեմ «անօրինական ուժային ակցիա»:
Գերատեսչությունը
հայտարարել է, որ լցանավը դեռևս դեկտեմբերի 24-ին ստացել է Ռուսաստանի դրոշի ներքո
նավարկելու ժամանակավոր թույլտվություն և իրականացրել է «խաղաղ անցում»
Հյուսիսային Ատլանտիկայի միջազգային ջրերում՝ ուղղություն վերցնելով դեպի ռուսական
նավահանգիստներից մեկը: ԱՄՆ-ը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ-ն, բազմիցս տեղեկություններ
է ստացել լցանավի ռուսական պատկանելության և դրա «քաղաքացիական խաղաղ կարգավիճակի»
մասին:
ՌԴ արտաքին
գործերի նախարարությունը նշել է, որ բաց ծովում նավը կանգնեցնելը և զննելը
հնարավոր է միայն սահմանափակ թվով հիմքերով, ինչպիսիք են ծովահենությունը կամ մարդկանց
վաճառքը, ինչը չի վերաբերում Bella 1-ին: Այլ դեպքերում նման գործողությունները
թույլատրվում են միայն դրոշի պետության համաձայնությամբ. Ռուսաստանը նման
համաձայնություն չի տվել և արտահայտել է պաշտոնական բողոք ԱՄՆ իշխանություններին՝
կապված ԱՄՆ առափնյա պահպանության կողմից լցանավի հետապնդման հետ, հավելել է ՌԴ ԱԳՆ-ն:
«Այս
պայմաններում ամերիկացի զինվորականների կողմից բաց ծովում խաղաղ նավը կալանելը և
դրա փաստացի առգրավումը, ինչպես նաև անձնակազմի գերեվարումը չի կարող մեկնաբանվել
այլ կերպ, քան միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի,
ինչպես նաև նավարկության ազատության կոպիտ խախտում: Սա նավի սեփականատիրոջ
օրինական իրավունքների և շահերի էական խախտում է: Սպառնալիքի տակ են դրվել «Մարիներա»-ի
անձնակազմի կյանքն ու առողջությունը, որի կազմում են մի քանի երկրների
քաղաքացիներ: Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում ամերիկյան
իշխանությունների կողմից նրանց դեմ ուղղված դատական հետապնդման սպառնալիքները՝ անհեթեթ պատրվակներով»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:
Մոսկվայի
վարկածով՝ ԱՄՆ-ի և այլ արևմտյան երկրների սահմանափակող միջոցները կրում են
«անօրինական բնույթ»։ ՌԴ ԱԳՆ-ն «ափսոսանք և տագնապ» է հայտնել Վաշինգտոնի կողմից «սուր
միջազգային ճգնաժամային իրավիճակներ գեներացնելու պատրաստակամության» կապակցությամբ։
Ռուսաստանի
արտգործնախարարությունը կոչ է արել ԱՄՆ-ին «վերադառնալ միջազգային ծովային
նավագնացության հիմնարար նորմերին ու սկզբունքներին հետևելուն և անհապաղ
դադարեցնել անօրինական գործողությունները» լցանավի դեմ։