Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է «Էլբուս» (Elbus) նավթի լցանավը, որը նավարկում էր Պալաուի դրոշի ներքո: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այդ թվում նաև Haberturk-ը:
Նրանց
տեղեկություններով՝ վնասվել է լցանավի վերին հատվածը։ Հարձակումը տեղի է ունեցել
Կաստամոնու նահանգի Աբանա շրջանից 30 ծովային մղոն (55.6 կիլոմետր) հեռավորության
վրա։
Հարձակումից
հետո նավը աղետի ազդանշան է ուղարկել, որին արձագանքել են Թուրքիայի առափնյա
պահպանության աշխատակիցները և լցանավը քարշակով տարել Ինեբոլուի նավահանգիստ։ Նավը
ներկայումս խարիսխ է գցել այնտեղ՝ սպասելով վնասի գնահատմանը։
Թուրքական
լրատվամիջոցները չեն հաղորդել՝ ուր կամ որտեղից էր ուղևորվում «Էլբուսը»։
Ուկրաինական «Օպերատիվնիյ ԶՍՈՒ» Telegram-ալիքը պնդում է, որ խոսքը Ռուսաստանի
ստվերային նավատորմին պատկանող լցանավի մասին է, որն ուղևորվում էր Նովոռոսիյսկ՝
բեռնման համար։ Այն մասին, որ նավը «ստվերային նավատորմից» է, գրում են նաև
Z-բլոգերները։