Եվրամիությունում կարող են դիտարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի ծրագրերին հակազդելու համար։ Այս մասին գրում է Politico-ն։
«Եվրոպական երկրները պետք է դիտարկեն Գրենլանդիայում զորքերի տեղակայման հնարավորությունը, եթե դա խնդրի Դանիան՝ ԱՄՆ-ի պոտենցիալ ռազմական գործողության «գինը» բարձրացնելու համար»,- հայտնել է պարբերականը՝ հղում անելով ԵՄ անանուն դիվանագետին։
Ինչպես նշում է Politico-ն, այդ ուժերը դժվար թե կարողանան կանխել Նահանգների հնարավոր ներխուժումը, սակայն կարող են հանդես գալ որպես զսպող գործոն։
Երեքշաբթի օրը Reuters գործակալությունը գրել էր, որ ամերիկյան վարչակազմը քննարկում է Գրենլանդիայի ձեռքբերման մի քանի տարբերակ, այդ թվում՝ զինված ուժերի կիրառմամբ։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում վստահեցրել էր, թե ԱՄՆ-ը չի ծրագրում ներխուժել այնտեղ։
Սակայն կիրակի օրը, Վենեսուելայում իրականացված ռազմական գործողությունից հետո, Դոնալդ Թրամփը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը «Գրենլանդիայի կարիքն էլ ունի»՝ մատնանշելով կղզու ռազմավարական կարևորությունը ազգային անվտանգության տեսանկյունից։
Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը X սոցցանցում հրապարակեց Գրենլանդիայի քարտեզը՝ ներկված ամերիկյան դրոշի գույներով և «Շուտով» մակագրությամբ։
Վաշինգտոնում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսենը հիշեցրեց դաշնակցային հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Կոպենհագենն ակնկալում է լիակատար հարգանք թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ։ Կղզու վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարեց, որ պատկերը խոսում է անհարգալից վերաբերմունքի մասին, սակայն հորդորեց խուճապի չմատնվել։
Այդուհանդերձ, ամերիկյան առաջնորդը հրաժարվել է խոստում տալ, որ չի կիրառի ռազմական ուժ կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։