«Այս գիշեր Ռուսաստանը «Օրեշնիկ»-ով հարվածել է Լվովին՝ ի պատասխան Պուտինի նստավայրի վրա հարձակման». ՌԴ ՊՆ

Ռուսական զորքերը բալիստիկ հրթիռով, հավանաբար «Օրեշնիկ»-ով, հարվածել են Լվովում կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտին։


Հարվածի մասին հայտնել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը: Նրա խոսքով՝ օդային տագնապ հայտարարելուց հետո Լվովում մի շարք պայթյուններ են լսվել։ Ավելի ուշ նա գրել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտի վրա հարձակման մասին։ «Դեռևս հայտնի չէ՝ արդյոք դա «Օրեշնիկ» հրթի՞ռ էր։ Տեղեկատվություն կտրամադրեն զինվորականները»,- հավելել է նա։ Հարվածի հետևանքով տուժածների մասին չի հաղորդվում։


Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որով հաստատել է, որ Լվովի վրա հարձակումն իրականացվել է «Օրեշնիկ» հրթիռով: 


«Այս գիշեր, ի պատասխան Կիևի ռեժիմի կողմից Նովգորոդի մարզում 2025 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա իրականացված ահաբեկչական հարձակման, ՌԴ ԶՈՒ-ն ցամաքային և ծովային բարձր ճշգրտության մեծ հեռահարության զենքերով, այդ թվում՝ «Օրեշնիկ» միջին հեռահարության ցամաքային շարժական հրթիռային համակարգով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում չափազանց կարևոր օբյեկտներին:


Հարվածը թիրախներին է հասել: Վնասված են անօդաչու թռչող սարքեր արտադրող օբյեկտները, որոնք օգտագործվել են ահաբեկչական հարձակման ընթացքում, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը:


Հանցավոր ուկրաինական ռեժիմի կողմից ցանկացած ահաբեկչական գործողություն այսուհետ ևս չի մնա առանց պատասխանի»,- ասվում է հայտարարության մեջ: