«Գրենլանդիան չի վաճառվում». Դանիան փորձում է համոզել ԱՄՆ-ին․ ԶԼՄ

Դանիան և Գրենլանդիան փորձում են համոզել ամերիկացի օրենսդիրներին, որ Գրենլանդիան չի ցանկանում գնվել ԱՄՆ-ի կողմից, իսկ Դանիան շահագրգռված չէ նման գործարքով։ Այս մասին գրում է Politico թերթը՝ հղում անելով ԵՄ դիվանագետին։


Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները Սպիտակ տանը հանդիպում են անցկացրել Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչների հետ՝ թագավորության ինքնավար տարածքի նկատմամբ հնարավոր վերահսկողություն հաստատելու մասին ամերիկյան առաջնորդի հայտարարությունների ֆոնին։


Հինգշաբթի օրը ԱՄՆ-ում Դանիայի դեսպան Յեսպեր Մյոլլեր Սյորենսենը հայտնել է, որ Գրենլանդիայի ներկայացուցչության ղեկավար Յակոբ Իբոսեթսենի հետ հանդիպել է կոնգրեսական Ջեյսոն Քրոուին՝ քննարկելու Արկտիկայի անվտանգության հարցերը։ Բանակցությունների ընթացքում թագավորության ներկայացուցիչները վերահաստատել են Դանիայի հավատարմությունը ՆԱՏՕ-ի դաշինքին։


«Դիվանագիտության մեծ մասը մնում է փակ դռների հետևում։ Դեսպան Սյորենսենը և ներկայացուցիչ Իբոսեթսենը ինտենսիվ բանակցություններ են վարել Կապիտոլիումի բլրի օրենսդիրների հետ։ Երկու պատվիրակներն էլ փորձում են համոզել հնարավորինս շատ կոնգրեսականների, որ Գրենլանդիան չի վաճառվում», — նշում է Politico-ն։


Սպասվում է, որ դանիացի պաշտոնյաները պաշտոնական խորհրդակցություն կանցկացնեն և թարմացված տեղեկատվություն կտրամադրեն այս հարցի վերաբերյալ ուրբաթ օրը կայանալիք ԵՄ դեսպանների հանդիպմանը։


Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Դանիայի իշխանությունների հետ։ Այս հայտարարությամբ նա պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրաստ է բացառել ռազմական միջամտության սցենարը և ինչու վարչակազմը չի ընդունում իրավիճակը քննարկելու Կոպենհագենի առաջարկը։