«Ռուսաստանից պատասխան եմ սպասում մինչև ամսվա վերջ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փաստացի Մոսկվային է ներկայացրել խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման պայմանները։ Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Ռուսաստանից ակնկալում է պատասխան ուկրաինա-ամերիկյան համաձայնագրի տարբերակի վերաբերյալ արդեն մինչև ընթացիկ ամսվա վերջ։


Զելենսկու խոսքով՝ խոսքը 20 կետից բաղկացած շրջանակային խաղաղության պլանի մասին է, որը Կիևը մշակում է Վաշինգտոնի հետ համատեղ։ Ուկրաինայի առաջնորդն ակնկալում է, որ Մոսկվան կհայտնի իր դիրքորոշումը մինչև այն պահը, երբ կավարտվի անվտանգության երաշխիքների և Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնման պլանի համաձայնեցումը Դոնալդ Թրամփի հետ։ Bloomberg-ի կանխատեսմամբ՝ դա կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա շաբաթների ընթացքում։


«Ուկրաինայի առաջնորդը հույս է հայտնել ստանալ Ռուսաստանի պատասխանը մինչև Թրամփի հետ վերականգնման պլանի վերջնական համաձայնեցումը։ Նա հավելել է, որ ակնկալում է հանդիպել Թրամփի հետ կամ ԱՄՆ-ում, կամ Շվեյցարիայի Դավոս քաղաքում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում»,- նշում է գործակալությունը։


Բացի հակամարտության դադարեցման հարցերից, Կիևը Վաշինգտոնի հետ քննարկում է նաև տնտեսական օրակարգը։ Զելենսկին մտադիր է Թրամփին առաջարկել Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի պոտենցիալ համաձայնագիր։