ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը Ազգային անվտանգության խորհրդի հետ կքննարկի Իրանի նկատմամբ հնարավոր գործողությունները, հաղորդում է CNN-ը։
Հեռուստաալիքի երկու աղբյուրների տեղեկություններով՝
Սպիտակ տունը քննարկում է մի շարք հնարավոր միջոցներ՝ Իրանի իշխանությունների կողմից
զանգվածային բողոքի ցույցերի կոշտ ճնշման ֆոնին։ Քննարկվող տարբերակներից են Իրանի
անվտանգության կառույցներին հարվածները, որոնք գործի են դրվել ցույցերը ցրելու համար,
ռեժիմի զինվորականների և օբյեկտների դեմ կիբերգործողությունները, նոր պատժամիջոցների
սահմանումը իշխանության ներկայացուցիչների և տնտեսության հիմնական ոլորտների, այդ թվում՝
էներգետիկ և բանկային ոլորտի նկատմամբ։ Քննարկվում է նաև ցուցարարներին ինտերնետ հասանելիության
ապահովումը, այդ թվում՝ Starlink-ի միջոցով։
Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ
Իրան ամերիկյան զորքեր մտցնելու մասին չէ խոսքը:
Միաժամանակ Թրամփը հայտարարել է, որ եթե Թեհրանը
հարձակվի ամերիկյան բազաների վրա, Վաշինգտոնը կհարվածի Իրանին աննախադեպ ուժով։ Պատասխանելով
լրագրողների հարցերին՝ Թրամփը հաստատել է, որ իր վարչակազմը կապի մեջ է Իրանի ընդդիմության
առաջնորդների հետ։ Նրանց փոխանցվող ուղերձի մասին հարցին Թրամփը հայտարարել է. «Կիմանաք»։
Թրամփի խոսքով՝ Իրանը բանակցություններ է խնդրել,
և հանդիպումն արդեն պատրաստվում է, բայց Վաշինգտոնը, հնարավոր է, ստիպված լինի գործել
մինչ դրա անցկացումը՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող զարգացումները։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը սկսում է հատել
Վաշինգտոնի «կարմիր գծերը»։ Նրա խոսքով՝ ամերիկյան վարչակազմը քննարկում է գործողությունների
«շատ լուրջ տարբերակներ»՝ նշելով զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ խաղաղ բնակիչների
մահերը։
Թրամփը ընդգծել է, որ ԱՄՆ շահերի վրա ցանկացած հարձակում
կհանդիպի «ճնշող ուժի»՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը պատրաստ է կոշտ պատասխանի հետագա
էսկալացիայի դեպքում։