ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն անվանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ունեցած «միակ առավելությունը»։ Ամերիկացի քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է The New York Times-ին տված հարցազրույցում։
Սկզբում Թրամփը լրագրողներին կրկնել է իր պնդումը
առ այն, որ Զելենսկին «քարտ չունի» և չի ունեցել «առաջին օրվանից»։ Այնուհետև լրագրողներից
մեկը հստակեցրել է, թե ինչ է դա նշանակում՝ արդյոք Կիևը պետք է տարածքնե՞ր զիջի։
«Նա միայն մեկ բան ունի՝ Դոնալդ Թրամփ»,- պատասխանել
է Թրամփը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ եթե ինքը չլիներ, Կիևի համար իրավիճակը «կվերածվեր
լիակատար աղետի»։ Զելենսկին և եվրոպացի առաջնորդները գիտեն դա, կարծում է Թրամփը։
ԱՄՆ
նախագահը, սակայն, հրաժարվել է պատասխանել Ուկրաինային զինելու իր
պատրաստակամության մասին հարցին, եթե Ռուսաստանը մերժի առաջարկվող ամերիկյան
խաղաղության ծրագիրը կամ հետաձգի դրա համաձայնեցումը։ «Ես դա չեմ ուզում ասել։
Պարզապես չեմ ուզում հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված կլինեմ դա
ասել, քանի որ պարտավոր եմ փորձել կյանքեր փրկել»,- պատասխանել է նա։