Զելենսկին առաջարկում է ևս 90 օրով երկարաձգել ռազմական դրությունն ու զորահավաքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր՝ երկրում համընդհանուր զորահավաքի և ռազմական դրության ժամկետը ևս 90 օրով երկարաձգելու մասին։ Փաստաթղթերը հրապարակվել են խորհրդարանի կայքում։


Եթե խորհրդարանը հավանություն տա նախաձեռնությանը, ապա փետրվարի 3-ից Ուկրաինայում հերթական անգամ կերկարաձգվի ռազմական դրության և զորահավաքի գործողության ժամկետը։


2022 թվականի փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ուկրաինայի իշխանությունները մտցրին ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։ Գերագույն ռադան պարբերաբար երկարաձգում է դրանք յուրաքանչյուր երեք ամիսը մեկ։ Վերջին անգամ նման օրենք ընդունվել էր 2025 թվականի նոյեմբերի 5-ին՝ երկու ռեժիմներն էլ երկարաձգելով մինչև 2026 թվականի փետրվարը։


2025 թվականի դեկտեմբերի վերջին ուկրաինացի առաջնորդը հայտարարել էր, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո զորահավաքը կարող է չեղարկվել կամ իրականացվել մասնակիորեն։


Միևնույն ժամանակ, երկրում ռազմական դրությունը չեղարկել չեն պատրաստվում։ Այն նախատեսվում է երկարաձգել ևս մի քանի ամսով։ Ըստ Զելենսկու՝ դա անհնար է դարձնում խորհրդարանական և տեղական ընտրությունների արագ անցկացումը։