Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլին դատապարտվել է 5 տարվա ազատազրկման

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեղավոր է ճանաչվել անօրինական եկամուտների օրինականացման գործով և համաձայնություն կնքել դատախազության հետ։


Ըստ գործարքի պայմանների, հաղորդել է Վրաստանի գլխավոր դատախազությունը, Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և տուգանվել 1 միլիոն լարիով (մոտավորապես 319 հազար եվրո)։


«Նա նաև հօգուտ պետության կզրկվի դրամական միջոցներից, որոնք ստացվել են հանցավոր գործունեության արդյունքում, և նրա բնակարանի խուզարկության ժամանակ առգրավվածից»,- ասվում է գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։


 

2025 թվականի հոկտեմբերին հաղորդվել էր, որ Ղարիբաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեի, Պետական ​​անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի և նրանց մտերիմ ևս ութ անձանց խուզարկությունների ժամանակ առգրավվել է ավելի քան յոթ միլիոն դոլար և մոտ 140 միլիոն լարի կանխիկ, ինչպես նաև արվեստի գործեր և թանկարժեք իրեր, այդ թվում՝ ժամացույցներ։