Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ հակակառավարական բողոքի ցույցերի կոշտ ճնշումից հետո, ինչի հետևանքով կարող են հարյուրավոր մարդիկ զոհված լինել։ Այս մասին Կալասն ասել է Politico-ին տված հարցազրույցում։
ԵՄ գլխավոր դիվանագետը հիշեցրել է, որ Իրանի դեմ արդեն իսկ գործում են պատժամիջոցներ՝ մարդու իրավունքների խախտման, միջուկային զենքի տարածման գործունեության և Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին աջակցելու համար։
«Ես պատրաստ եմ առաջարկել լրացուցիչ պատժամիջոցներ՝ ի պատասխան վարչակարգի կողմից ցուցարարների դաժան ճնշման»,— ընդգծել է նա։
Հիշեցնենք , որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Բրյուսելը «հետևում է» իրավիճակին, Ռոբերտա Մեցոլան (Եվրոպական խորհրդարանի նախագահ). X սոցցանցում գրել է, որ «Եվրոպան պետք է գիտակցի իր պարտքը և գործելու անհրաժեշտությունը»։
Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը դիտարկում է Իրանում ռազմական գործողությունների մի քանի հնարավոր տարբերակ։ Նա նախազգուշացրել է Իրանի ղեկավարությանը զերծ մնալ ուժի կիրառումից և հայտարարել, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել իրանցիներին «ազատություն ձեռք բերել»։