Սերժ Սարգսյանի հուշումը՝ զրկեք ինձ ազատությունից՝ կատարելով հայ ժողովրդի իղձը

Ով կպատկերացներ, որ կգա մի օր, երբ ՀՀԿ-ն ու դրա ղեկավար Սերժ Սարգսյանը  ամանորյա տեսաուղերձ կնկարահանեն (սիրողական մակարդակի), որում «ազատություն» բառը կհոլովեն «քաղբանտարկյալ» բառի կողքին ու կոչ կանեն՝ ազատություն քաղբանտարկյալներին։


 «Հայաստանին ազատություն է պետք, Հայաստանն ազատ չէ, քանի դեռ կառավարիչները չեն իրականացնում հայ ժողովրդի իղձերը։ Ազատություն մեր երկրին ու ժողովրդին»։ Այս վերջին եզրահանգում-մաղթանքն էլ, նշենք, արել է Սերժ Սարգսյանը, մեկը, որի պաշտոնավարումն սկսել է Մարտի 1-ի ողբերգությամբ, այդ ողբերգության հետեւանքների վերացման մասին ՀՀ-ի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձեւերով, որոնցում բաց տեքստով նշում էր ՀՀ-ում քաղաքական հետապնդման ենթարկվողների մասին։ Այդ բանաձևերից մեկում (1609)  օրինակ, նշվում է. «Վեհաժողովը դատապարտում է բազմաթիվ անձանց, այդ թվում՝ ընդդիմության ավելի քան հարյուր համախոհների և խորհրդարանի երեք անդամների ձերբակալումը և շարունակվող կալանավորումն այնպիսի մեղադրանքների հիման վրա, որոնցից մի մասը առերևույթ արհեստական են և պայմանավորված քաղաքական շարժառիթներով: Սա նշանակում է իշխանությունների կողմից ընդդիմության փաստացի հետապնդում»: 


 
Գործող իշխանության օրոք, մինչդեռ, միջազգային որևէ կառույց, չենք հիշում, որ իր որևէ բանաձևում հիշատակեր ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության մասին։ Փույթ չէ, միջազգային կառույցներին բանի տեղ չդնող ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պատրաստ է զոռ տալ սենտիմենտին՝ զուգահեռ իրականություն  հորինելով, ու քաղբանտարկյալ տիտղոսը բաշխել ամեն անարժանի։ Անկեղծ ասած, ամեն անգամ ապշում ենք, երբ արձանագրում ենք, թե խորհրդային տարիների դիսիդենտ՝ քաղբանտարկյալ, երեք անգամ կալանավորված, 12 տարի կալանավայրերում անցկացրած Աշոտ Նավասարդյանի հիմնադրած կուսակցության «բոմոնդը» ինչպես է այդպես անփութորեն շռայլում քաղբանտարկյալ տերմինը, որից, ի դեպ, դիվոտում էր, երբ իշխանության էր ու խաչակնքելով հավաստիացնում՝  Հայաստանի բանտերում չկան քաղաքական բանտարկյալներ, կան հանցագործներ։ Հիմա, փաստորեն, իրականության ընկալման խեղում է տեղի ունեցել՝ ում «էշին» իշխանությունը «չոշ» է ասում, կամ կերած բողկերի համար պատասխանատվության կանչում՝ քաղբանտարկյալ է հռչակվում։ Այս պրակտիկան, կհամաձայնեք, անարգանք է Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի և բառիս իսկական իմաստով՝ «դասական քաղբանտարկյալների» հիշատակին և անցած ուղուն, երբ խուլիգանության, փողերի լվացման, յուրացման, ահաբեկչության նախապատրաստման կամ այլ՝ ՔՕ-ով նկարագրված հանցակազմ պարունակող  գործողություններ կատարելու մեջ մեղադրվող անձինք հավասարեցվում են քաղբանտարկյալի փշոտ ուղով անցած կուսակցության հիմնադիր անդամներին։ Չմոռանանք նշել՝ հարգում ենք բոլոր«քաղբանտարկյալների»  անմեղության կանխավարկածը։ 


Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այն դիտարկմանը, թե ՀՀ-ին ազատություն է պետք, երկիրն ազատ չէ, քանի դեռ դրա կառավարիչները չեն իրականացրել հայ ժողովրդի իղձերը, ապա նախկին նախագահի հետ պետք է համաձայնենք՝ միայն թե փոքր ինչ այլ համատեքստում։ Օրինակ, հայ ժողովրդի մի ստվար հատվածի իղձը  օրինակ, այն է, որ Սերժ Սարգսյանը, նրա նախորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, նրանց մեևձավոր շրջապատը՝ ներառյալ որդիներն ու վտարանդի փեսաները, արտերկրում  ապաստան ստացած լիսկաները, միհրանները, պաշտպանության նախարարներն եւ այսպես մի բոլ ժողովուրդ։ Մարդիկ, որոնք, ի դեպ, շարունակում են խուսափել արդարադատությունից ու ազատության մեջ լինելով անարգում ազատության գաղափարը։ Հայաստանին, այո, ազատություն է պետք,  հայ ժողովրդի կողմից 2018-ին մերժված ռեժիմից վերջնականապես ու առմիշտ ազատվելու տեսքով։  

Հ․Մ․