Այս գիշեր՝ հունվարի 13-ին, ռուսական հարվածների թիրախում են հայտնվել Ուկրաինայի ութ մարզեր։ Ագրեսոր երկրի հարձակման հիմնական նպատակը եղել է էներգետիկ համակարգը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է FREEДОՄ-ը։
«Այս գիշեր ռուսները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 300 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը «Շահեդներ» են, 18 բալիստիկ և յոթ թևավոր հրթիռներ։ Դարձյալ հարվածի հիմնական թիրախը մեր էներգետիկան է՝ գեներացիան, ենթակայանները։ Ցավոք, կան բնակելի և քաղաքացիական ենթակառուցվածքների շատ ավերածություններ», — տեղեկացրել է Զելենսկին։
Հարվածների տակ են հայտնվել Դնեպրոպետրովսկի, Ժիտոմիրի, Զապորոժիեի, Կիևի, Օդեսայի, Սումիի, Խարկովի և Դոնեցկի մարզերը։
Հրթիռներով հարվածել են Կորոտիչի փոստային տերմինալին, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։ Իրավիճակը բարդ է. մի քանի հարյուր հազար ընտանիք այժմ մնացել է առանց էլեկտրամատակարարման։ Բոլոր արտակարգ ծառայություններն աշխատում են տեղերում։
Զելենսկին ընդգծել է, որ յուրաքանչյուր նման հարված հիշեցում է գործընկերներին, որ չի կարելի դադարեցնել Ուկրաինայի աջակցությունը։
«ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ անհրաժեշտ են ամեն օր, և հատկապես ձմռանը։ Աշխարհը կարող է պատասխանել Ռուսաստանի այս տեռորին Ուկրաինային ուղղված օգնության նոր փաթեթներով։ Մենք ակնկալում ենք այն մատակարարումների արագացում, որոնց շուրջ արդեն պայմանավորվել ենք Ամերիկայի և Եվրոպայի հետ։ Ռուսաստանը պետք է հասկանա, որ ցուրտը պատերազմում հաղթել չի օգնի», — ամփոփել է նա։