Սոլովյովը վաղուց իրեն դրսևորել է որպես կատարյալ սրիկա, այնպես որ ցնցված չեմ Հայաստանի վերաբերյալ նրա հայտարարությունից՝ Civic.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, Ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով ռուս պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի վերջին հայտարարությանը, թե՝ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կարող է Ուկրաինայի օրինակով հատուկ ռազմական օպերացիա իրականացնել նաև Հայաստանում։
«Սոլովյովը նման հայտարարություններ
արել է և Վրաստանի, և Մոլդովայի, և Ուկրաինայի ու ԱՄՆ-ի մասին։ Նա, կարծում եմ, առաջ
է բերում ռուսական պետական քաղաքականության գիծը, որն, իմիջիայլոց, ոչ երեկ է ձևավորվել,
ոչ էլ այսօր։ Այն է՝ փորձել աշխարհը բաժանել երկու-երեք բևեռի և ստեղծել «Յալտա-2»-ը՝
ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարեց Բաբայանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք նա խնդրահարույց
հայտարարությունն արել է ինքնուրույնաբա՞ր՝ որպես քարոզիչ Սոլովյով , թե՞ նա իր դեմքով
ազդարարում է Կրեմլի մտադրությունների մասին։ Թե որքանով Սոլովյովի անոնսած սպառնալիքները կդառնան իրականություն՝ կախված է
մեզանից՝ որպես հասարակություն, նկատեց մեր զրուցակիցն ու հավելեց․ «Ինձ համար որևէ տարբերություն չկա, թե ով է փորձում ոչնչացնել
իմ երկրի անվտանգությունն ու պետությունը՝ դա Ադրբեջա՞նն է, Թուրքիա՞ն է, Ռուսաստա՞նն
է, թե՞ մեկ ուրիշ երկիր, ասենք՝ Զիմբաբվեն։ Թշնամին մնում է թշնամի, թշնամին նա է,
ով փորձում է քեզ ոչնչացնել, քո պետությունն ու քեզ՝ որպես քաղաքացի։ Իսկ ոչնչացնել
քաղաքացուն նշանակում է ոչնչացնել այդ քաղաքացու պետությունը՝ որպես ինքնիշխան պետություն»։
Բաբայանը նշեց, որ նույնիսկ ուրախ է, որ Սոլովյովը հնչեցրել
է նման սպառնալիքներ, ոչ թե այն պատճառով, որ այսպիսով նա բացահայտվեց՝ նա վաղուց իր
համար բացահայտված է։ «Նրա այդ հայտարարությունը լակմուս է, որի միջոցով կարելի է ստուգել՝
ով ինչպես է վերաբերվում Հայաստանին որպես անկախ հանրապետություն։ Սա շատ ավելի կարևոր
է։ Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այդ հայտարարությունից հետո, ցույց տվեցին,
որ հասարակության մի զանգված նմանատիպ հայտարարությունները չի ընկալում որպես սպառնալիք
ՀՀ անկախությանը»,- նկատեց ռեժիսորը՝ հավելելով՝ պետք է հանրությանը բացատրել, թե որը
կարող է լինել այդ սպառնալիքների հետևանքը՝ պետության կործանում, քաղաքակրթական ոչ
բարենպաստ դաշտի ընտրություն և մեծ մասշտաբների արտագաղթ։ Ռուբեն Բաբայանը հարց է բարձրացնում՝
ինչո՞վ կարող է այսօր հպարտանալ ՌԴ-ն՝ մշակույթո՞վ, գիտությա՞մբ, առողջապահությա՞մբ,
կենցաղո՞վ։ Ո՛չ, այլ միայն նրանով, որ կարող
է ոչնչացնել մարդկանց և երկրներ։ «Հետևապես Սոլովյովի հնչեցրած թեզը տեղավորվում է
այս իրողության մեջ․ նա չի ասում՝ Հայաստան,
մենք քեզ հետ կզարգացնենք տնտեսությունը, մշակույթը, գիտությունը, նա ասում է՝ մենք
քեզ կոչնչացնենք, քանի որ միայն դա կարող է անել»։
Ռուբեն Բաբայանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև Սոլովյովին
Հայաստանի անունից շնորհված պետական պարգևից զրկելու, ռուս պրոպագանդիստի հայտարարությանն
ի պատասխան ընդդիմության կրավորական կեցվածքի, եկեղեցու բարենորոգման և այլ հարակից
թեմաներից։
Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։