Հայ գործընկերները մեզ վստահեցրել են, որ Հայաստանը երբեք չի դառնա սպառնալիքի աղբյուր Թեհրանի համար. Իրանի դեսպանը՝ TRIPP նախագծի մասին

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին վստահեցնում է, որ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարբեր ոլորտներում արագ տեմպերով առաջ է գնում։ Նրա գնահատմամբ՝ տնտեսության, առևտրաշրջանառության և համատեղ իրականացվող նախագծերում փոխգործակցությունը ցայտուն կերպով երևում է։


ՀՀ-ում Իրանի դեսպանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։


Հարցազրույցի ընթացքում դեսպանն անդրադարձել է  Հայաստանի և Իրանի հարաբերությունների ներկա փուլին, երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման հավանական ժամկետներին, TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, Իրանի գործընկեր երկրների համար 25 տոկոս մաքսատուրք սահմանելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հնարավոր ազդեցությանը Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության վրա և այլ հարցերի։  


-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք գնահատում հայ-իրանական հարաբերությունների ներկա փուլը։


-Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Թախտ Ռավանչին օրեր առաջ Երևանում էր։ Այցի շրջանակում նա հանդիպումներ ունեցավ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հետ։ Այցի հիմնական նպատակն այն էր, որպեսզի հստակեցվի և սահմանվի 2026 թվականի ընթացքում երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը։ Պլանավորելու ենք նաև ընթացիկ տարում բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցերը։ Այցի շրջանակում խոսվել է այն նախագծերի մասին, որոնց վրա պետք է աշխատենք, և որոնք պետք է իրականացվեն 2026 թվականին։ Այսօր ամենակարևոր հարցը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին համապատասխան փաստաթղթի պատրաստումն է։ Հույս ունենք, որ այն կստորագրվի այս տարի։  


Երկուստեք համագործակցությունը տարբեր ոլորտներում արագ տեմպով առաջ է ընթանում։ Տնտեսության, առևտրաշրջանառության և համատեղ իրականացվող նախագծերում փոխգործակցությունը ցայտուն կերպով երևում է։ Մենք սպասում  ենք, որպեսզի ստորագրվի Քաջարանի թունելի շինարարության գործողությունների համապատասխան պայմանագիրը, քանի որ մրցույթում հաղթել է իրանական ընկերությունը։ Տարբեր հարցերի վերաբերյալ, ինչպես նաև դրանց ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով իրականացնում ենք ուսումնասիրություններ։ Վստահ ենք, որ մեր երկրների միջև հարաբերությունները, որոնք ներկա փուլում հասել են շատ բարձր մակարդակի, պետք է ինստիտուցիոնալիզացվեն։  


-Որպես նորանշանակ դեսպան՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու հայ-իրանական հարաբերությունները խորացնելու նպատակով։


-Անմիջական ջանքեր կգործադրեմ, որպեսզի ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը շատ օպերատիվ կերպով կյանքի կոչվի, այլ ոչ թե մնա թղթի վրա։ Փոխգործակցության ցանկացած ոլորտում համատեղ ներուժն ավելի զարգացնելու հնարավորությունները մեծ են։ Տարանցման ոլորտում նույնպես կարող ենք շատ լավ համագործակցել։ Պետք է աշխատենք նաև այն ուղղությամբ, որպեսզի մեր երկրների միջև երկաթուղային կապը նույնպես գործի, հիմնվեն համատեղ նոր արտադրություններ, անխոչընդոտ գործի ազատ առևտրի գոտին, որպեսզի էներգետիկայի ոլորտում լինի ավելի լուրջ համագործակցություն, խթանվի տուրիզմը և համագործակցությունը նաև գիտակրթական ոլորտում։      


-Դուք նշեցիք, ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում արդեն իսկ պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների հարաբերությունները բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի։ Այդուհանդերձ կոնկրետ ե՞րբ կարելի է ակնկալել փաստաթղթի ստորագրումը։


-Այս պահին փաստաթուղթը պատրաստվում է։ Երկու կողմերն էլ ունեն որոշ գաղափարներ։ Անում ենք ամեն ինչ, որպեսզի ամբողջականացվեն երկկողմ գաղափարները, և ի վերջո ստանանք ամփոփ տեքստ։ Կարծում ենք, որ այդ փաստաթուղթը նույնպես կստորագրվի ամենաբարձր մակարդակի երկկողմ հանդիպման ժամանակ։    


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում