Կալասը հայտարարել է Եվրամիության և ԱՄՆ-ի հարաբերությունների վատթարացման մասին

ԱՄՆ-ն մնում է Եվրամիության անփոխարինելի դաշնակիցը, սակայն Վաշինգտոնի և Բրյուսելի հարաբերությունները վատթարացել են։ Այս մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Միևնույն ժամանակ, նա բացառել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի համագործակցության դադարեցումը։


«Ակնհայտ է, որ մեր հարաբերություններն այլևս այնքան լավ չեն, որքան նախկինում։ Յուրաքանչյուր դաշինքում լինում են բացահայտ տարաձայնությունների պահեր, սակայն Եվրոպան չի հրաժարվի տրանսատլանտյան հարաբերությունների 80-ամյա պատմությունից»,— ասել է Կալասը Բերլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։


Կայա Կալասի կարծիքով՝ Եվրամիության և ԱՄՆ-ի փոխգործակցությունն անհրաժեշտ է Գազայի հատվածում տիրող իրավիճակի կարգավորման, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Չինաստանի նկատմամբ առևտրային միջոցներ ձեռնարկելու համար։


Հարաբերությունների վատթարացման առանցքային պատճառներից մեկը Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի ծրագրերն են. Հունվարի 8-ին Կալասը հայտնել էր, որ Եվրամիությունը մտահոգված է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ-ի մտադրությամբ։ Ըստ Politico-ի աղբյուրների՝ ԵՄ-ն պատրաստվում է ուղիղ առճակատման ԱՄՆ-ի հետ՝ կղզու հնարավոր անեքսիայի դեպքում։