Արդեն հայտնել ենք, որ ռուսաստանցի գործարար, քրեական հետապնդման ենթարկվող Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման անդամ Ալեքսան Ալեքսանյանը կուսակցություն է հիմնել՝ «Հայամետ» հնչեղ անունով։ 2025-ի նոյեմբերին, ինչպես ասում են՝ փակ-գաղտնի ձևաչափով, «մենք մեր ձևով» ռեժիմով կայացել է կուսակցության հիմնադիր համագումարը։ Թե ինչու են հայամետները որոշել նման կոնֆիդենցիալ պայմաններում ազդարարել իրենց ներխուժումը ՀՀ-ում գրանցված մոտ 130 կուսակցությունների ցանկ՝ կդժվարանանք ասել։ Բայց հեշտությամբ պարզեցինք, որ պորտը նոր-նոր կտրած կուսակցությունը պետական գրանցում ստանալուց մեկ ամիս անց որոշել է փոխել իր անունը, ինչպես նաև կանոնադրությունն ու հաստատել նոր խմբագրությամբ կանոնադրություն, փոխել ծրագիրն ու նոր խմբագրությամբ ծրագիր ընդունել։ 2025 թ. դեկտեմբերի 29-ին, մինչ հանրապետության բնակիչներս ամանորյա եռուզեռի մեջ էինք, «Հայամետ»-ը արտահերթ համագումար է անցկացրել՝ վերը նկարագրված օրակարգով։ Թե ինչն է եղել նման վերանայումների պատճառը, և մասնավորապես ինչ նոր անունով է Սամվել Կարապետյանի քաղաքական պրոյեկտը ներկայանալու հանրությանը՝ Ալեքսան Ալեքսանյանը Civic.am-ի հետ զրույցում չպարզաբանեց՝ խոստանալով հանրությանը պարզաբանում ներկայացնել առաջիկայում։ Ենթադրում ենք՝ մամուլի ասուլիսի կամ այլ ձևաչափով։
«Ազդարար»
հարթակում արդեն իսկ հրապարակված, պետռեգիստրում գրանցված պարզունակ ծրագրի ուսումնասիրությունը ցույց տվեց,
որ դրա հեղինակները սերտել են քաղաքական տրաֆարետային
կենացի ժանրը, բայց չեն սերտել հայերենի ուղղագրությունը, մասնավորապես կաղում են օ-ո-ի ուղղագրությունից, այլապես «փրկօղակ»
բառը ո-ով չէին գրի, «բարձրորակ» բառն էլ
կգրեին ո-ով, ոչ թե միաժամանակ «ո» և «օ» հնչյունները կողք կողքի գրելով։


Հ. Մ.