«Տեքս» ՓԲԸ-ի հետ էլեկտրասյուների վարձակալության պայմանագիրը դադարեցվել է. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ դադարել է ՀԷՑ ՓԲ և «Տեքս» ՓԲ ընկերությունների միջև 2021 թվականի մարտի 1-ին կնքված վարձակալության պայմանագիրը, որի շրջանակներում վարձատուն պարտավորված է եղել վճարի դիմաց վարձակալի օգտագործմանը և տիրապետմանը հանձնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գտնվող, իրեն սեփականության իրավունքով պատկանող էլեկտրասյուները։


Ինչպես հայտնել են ՀԷՑ-ից, արդյունքում համաձայն պայմանագրով սահմանված կարգավորումների՝ 2026 թվականի հունվարի 1-ից պայմանագրի դադարեցումից հետո կնքված ծառայությունների մատուցման պայմանագրով «Տեքս» ՓԲԸ-ի՝ որպես կատարողի իրավունքներն ու պարտականություններն ինքնին պայմանագրի դադարման ուժով փոխանցվում են ընկերությանը:


«Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք բոլոր շահագրգիռ անձանց և կազմակերպություններին, որ ընկերության էլեկտրասյուներով օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և սարքավորումների տեղադրման ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի գործողության շարունակման նպատակով անհրաժեշտ է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության հետ կնքել պայմանագրեր:


Ուստի բոլոր այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք իրենց գործունեության ընթացքում ունեին «Տեքս» ՓԲԸ-ի հետ կնքված օպտիկամանրաթելային մալուխների անցկացման և սարքավորումների տեղադրման ծառայությունների պայմանագրեր, առաջարկում ենք մինչև ս.թ. հունվարի 31-ը կապ հաստատել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատասխանատու ստորաբաժանման ներկայացուցչի հետ՝ նոր պայմանագիր կնքելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ: