Իսրայելը խնդրել է Թրամփին առայժմ հարված չհասցնել Իրանին. NYT

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խնդրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հետաձգել Իրանին հարվածելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է The New York Times (NYT) պարբերականը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրին։


Նրանց զրույցը տեղի է ունեցել չորեքշաբթի՝ հունվարի 14-ին։ Ավելի ուշ նույն օրը Թրամփը հայտարարեց, որ «մյուս կողմի շատ կարևոր աղբյուրներից» տեղեկություն է ստացել, թե Իրանում այլևս չեն սպանում ցուցարարներին և մահապատիժները դադարեցվել են։ Ըստ NYT-ի վարկածի՝ հենց սա է եղել այն ապացույցը, որ ԱՄՆ նախագահը հրաժարվել է Իրանի վրա հարձակվելու մտքից։


Նմանատիպ խնդրանքներով Վաշինգտոնին են դիմել նաև Մերձավոր Արևելքի այլ դաշնակիցներ՝ Կատարը, Օմանը, Եգիպտոսը և Սաուդյան Արաբիան։ Պաշտոնյաները նախազգուշացրել են ամերիկացիներին, որ ԱՄՆ-ի հարձակումը կարող է հանգեցնել ավելի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության։


Financial Times (FT) պարբերականը նկատում է, որ վերջին օրերին Նեթանյահուն, որը սովորաբար Իրանի վարչակարգի տապալման ամենաեռանդուն կողմնակիցն է, «զարմանալի լռություն» է պահպանում։


Փորձագետների կարծիքով՝ Իսրայելը հասկանում է, որ Թրամփի օրոք ունի «ոսկե հնարավորություն», և ԱՄՆ նախագահը պատրաստ է «Իրանին վերաբերող հարցերի փաթեթը» փոխանցել Իսրայելին։


Իսրայելական հետախուզության նախկին աշխատակից Սիմա Շայնը նշում է, որ չնայած վարչակարգի փոփոխության «հեքիաթային երազանքին» քչերն են հավատում, սակայն կասկած չկա, որ Իսրայելն ու ԱՄՆ-ը կանոնավոր կերպով փոխանակում են հետախուզական տվյալներ և համագործակցում են Իրանի դեմ գործողություններում։


Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախազգուշացրել էր ռազմական միջամտության մասին՝ ի պատասխան 2025 թ. դեկտեմբերի վերջին սկսված բողոքի ցույցերի դաժան ճնշման։ Դժգոհության առիթը գների կտրուկ աճն ու իրանական ռիալի փլուզումն էր։ Ըստ Reuters-ի՝ բախումների հետևանքով զոհվել է շուրջ 2,600 մարդ։