Ադրբեջանն սկսել է գազ մատակարարել Գերմանիային եւ Ավստրիային

Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը հունվարից սկսել է գազի մատակարարումները Գերմանիա և Ավստրիա՝ Տրանսադրիատիկ գազատարով։


Այս լուրը ակտիվորեն հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Եվրոպայում ռուսական գազին փոխարինելու է գալիս ադրբեջանականը։


Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մինչ այս հայտարարել էր, որ Եվրամիությունը, հակառակ ռուսական էներգակիրներից լիովին հրաժարվելու ջանքերին, շարունակում է իր գազի պահանջարկի 13 տոկոսը և նավթի՝ շուրջ 2 տոկոսը ստանալ Ռուսաստանից։


«Գազպրոմ»-ը իր հերթին հայտնել է, որ Եվրոպայում ստորգետնյա գազապահեստներում գազի պաշարները մոտենում են պատմական նվազագույնին։


Տրանսադրիատիկ գազատարը, որով SOCAR-ը գազ է առաքում, Հարավային գազային միջանցքի եվրոպական հատվածն է։ SOCAR-ի տվյալներով՝ Իտալիայի միջոցով Ավստրիա և Գերմանիա իրականացվող գազի մատակարարումները կընդլայնեն Եվրոպայում ադրբեջանական գազի աշխարհագրական տարածքը։


SOCAR-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ադրբեջանական գազ այսօր գնում է 16 երկիր։ 2024 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը սկսել է գազի մատակարարումները Սլովակիա, իսկ 2025 թվականի հուլիսից՝ Ուկրաինա։