«Գերիացավի» զազրելի նոպան կամ՝ չորս հայորդիների Հայաստան վերադարձը ընդդիմության մեջ ոչ թե ուրախություն, այլ «մանթրաշ» է հարուցել

 Ադրբեջանում ապօրինի պահվող անձանց, գերիների, անհետ կորածների հարցը, նորություն չէ, 44-օրյա պատերազմի ավարտից հետո եղել է ընդդիմության սիրելի թեման, որը հմտորեն ծառայեցվել է (ըստ պատեհության) հանրության շրջանում ընդդեմ գործող իշխանության ատելություն, մաղձ, բողոք գեներացնելու նպատակով։  Թե՝ կառավարությունը թքած ունի Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցների վրա,  մատը մատին չի տալիս նրանց վերադարձնելու ուղղությամբ, ավելին՝ պայմանավորվել է Ադրբեջանի նախագահի հետ, որ մասնավորապես ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որը պատանդառվել էր 2023-ին,  դատապարտի ցմահ ազատազրկման, այլապես նրանք Հայաստան վերադարձվելուց հետո այնպիսի  սկանդալային ցուցմունքներ կտան Նիկոլ Փաշինյանի  «դավաճան և հայրենավաճառ լինելու» մասին, որ վերջինիս հեռացումը վայրկյանների հարց կդառնա։


Ընթերցողը կհիշի, թե  2025 թ. օգոստոսին  Վաշինգտոնում տեղի ունեցած գործընթացից հետո ինչպիսի վայնասուն էր ընդդիմադիր ֆրոնտում, ինչպես էր փորձ արվում արժեզրկել ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շահարկելով հենց գերիների հարցը։ Թե՝ քանի գրոշ արժի այս գործընթացը, եթե փաստաթղթում կետ չկա Բաքվում պահվող գերիների մասին։ Ավելին, գերիները որպես ճնշման գործիք են դիտարկվում Բաքվի և Վաշինգտոնի կողմից՝ ՀՀ-ից հերթական «կործանարար զիջումները կորզելու», խաղաղության համաձայնագիրը ստորագրել պարտադրելու  համար։


Նախօրեին, սակայն, երբ 4  մեր հայրենակիցները Հայաստան վերադարձվեցին  (քաղաքացիական այս անձանցից երեքը՝  44-օրյա պատերազմից հետո, մեկը՝ 2023-ից էին պահվում Ադրբեջանում), պարզվեց, որ ի դեմս գերիների դարդով տապակվող ընդդիմության՝ գործ ունենք ոչ թե հումանիստ ու սրտացավ, այլ ցինիկ ու կեղծավոր խմբակի հետ։ Պարզվեց, որ գերիների ազատ արձակումն իրականում դեմ է հայրենի օպոզիցիայի քաղաքական օրակարգին, ավելին՝ «մանթրաշ» է հարուցում վերջինիս մեջ, հետևապես այդ օպոզիցիան  ի վիճակի չէ կիսել վերադարձածների, նրանց  հարազատների, մերձավորների, կարճ ասած՝ համազգային հրճվանքն ու ուրախությունը։ Դաժան է հնչում, բայց փաստերը՝ վերադարձվածների մասով մեդիատիրույթի արձագանքները, այս մասին են վկայում։ Չէ՞ որ  լարվածության, բողոքի, հանրային համերաշխությունը խաթարող յուրաքանչյուր օջախի չեզոքացմամբ չեզոքանում է նաև ընդդիմության քաղաքական զինանոցի զենքերից մեկը, որով հարմար պահի հնարավոր էր կրակել կառավարության ուղղությամբ ու  խաթարել հանրային համերաշխությունը։  Նկատենք, որ նույն տրամադրություններն ընդդիմության մեջ իշխում էին նաև 2023 թվականի դեկտեմբերին, երբ Ադրբեջանը վերադարձրեց 32 գերու։ Այժմ, փաստորեն, ևս չորս «բորբոքված օջախ»՝ ընտանիք, իր  հարազատի, որդու վերադարձից հետո հանդարտվեց, ինչն իր հերթին նշանակում է, որ այդ չորս ընտանիքի, նրանց հարազատների ու մերձավորների էմոցիոնալ վիճակն  այլևս հնարավոր չի լինի օգտագործել քաղաքական պրոցեսներ գեներացնելու  համար՝ ի տես Կառավարության, ԱԺ-ի դիմաց կազմակերպվող բողոքի ցույցերի, նստացույցերի, «Եռաբլուր» պանթեոնում նրանց ու ոստիկանական ուժերի միջև բախման հրահրման և այլն։ Հարկ է նկատել, որ հունվարի 14-ի ուշ երեկոյան, երբ Հայաստան վերադարձած Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, Վագիֆ Խաչատրյանը (նա Լեռնային Ղարաբաղից է), Գևորգ Սուջյանը «Մուրացան» հոսպիտալ էին տեղափոխվել՝ բուժզննություն անցնելու, գերիացավով տառապող ընդդիմադիր գործիչներից և ոչ մեկը, բնականաբար նաև նրանց սպասարկող ԶԼՄ-ները չէին եկել նրանց դիմավորելու, հոսպիտալի առաջ հավաքված նրանց հարազատներին աջակցելու, կիսելու նրանց ապրումները, վստահաբար՝ ուրախությունը։ Ավելին, երբ պաշտոնապես տարածվեց հիշյալ չորս անձանց ՀՀ վերադառնալու մասին լուրը, ընդդիմադիր կոնտորան վերստին սեղմեց իր ներսի անբարոյականության կոճակը՝ «անբարոյական գործարք», «ամոթալի քաղաքական առևտուր» որակելով  «չորս հայ պատանդներին» վերադարձնելու դիմաց Հայաստանում ցմահ դատապարտված սիրիացի վարձկան ահաբեկիչներին «արտահանձնելը»։ Նախկին ՄԻՊ, քաղաքական նորաթուխ գործիչ Արման Թաթոյանն էլ, ձայնակցելով քարոզչական այս անբարո «վայբին», «տեսաուղերձով» հանդես եկավ, որում գուժեց՝ սիրիացի ահաբեկիչներին արտահանձնելով՝ «փաստացի նրանց հավասարեցրեց մեր անմեղ մարդկանց հետ»։ «Սա կրկին ապացուցում է, որ այս իշխանությունները եթե անգամ ինչ-որ լավ բան են անում, ապա միևնույն է՝ ձախողում են։ Այս սիրիացի ահաբեկիչները, որոնց միջոցով իրականացվեց փոխանակումը, պետք է օգտագործվեին շատ ավելի մեծ արդյունքի հասնելու համար․․․»։  Պարզվեց, սակայն, որ նախկին ՄԻՊ-ն ու ընդդիմադիր ագիտպրոպը  «վռազել» են իրենց «գերիագիտական» վերլուծությունն անելիս, քանի որ  ՀՀ վարչապետը հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հօդս ցնդեցրեց  «վարձկաններին չորս անմեղ հայորդիների դիմաց» արտահանձնելու մասին մանիպուլյացիան։  Այս երկու իրադարձությունները, վարչապետի խոսքով,  միմյանց հետ կապ չունեն։ «Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, և այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»։  Մեկ այլ քաղգործիչ էլ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, որի խմբակցությունն, ի դեպ, այս ընթացքում լիուլի շահարկել է գերիների թեման, ընդհուպ ԱԺ-ում գերիների ազատ արձակման հարցով ինչ-որ հայտարարության նախագիծ բերելով, որոշեց  բարոյականության դաս տալ։  Թեև նման դասի կարիք հենց ինքն ու իր ընդդիմադիր գործընկերներն ունեն։ «Ինձ թվում է՝ մենք լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում գերիների վերադարձը նախընտրական գործիք դարձնելը։ Դա նշանակում է ուղիղ և պաշտոնապես Ալիևին ասել՝ դու անսահման հնարավորություն ունես Հայաստանի ներքին գործերին միջամտելու։ Ուզում ես Հայաստանում քեզ հարմար ռեժիմ՝ գերեվարիր ՀՀ քաղաքացիներին, տարիներով պահիր Բաքվի բանտերում, հետո ընտրությունների նախաշեմին նրանցից մի քանիսին բաց թող։


Ու այդպես հավերժ։ Չի կարելի թույլ տալ, որ սա աշխատի․․․»։ Տիկին Վարդանյանին ուզում ենք հարցնել՝ որտե՞ղ էր նա իր դասերով, երբ  2021-ին՝ նախընտրական շրջանում, իր գործընկերները գերիների հարցը վերածել էին իրենց քարոզարշավը «ծաղկեցնելու» միջոցի, PR-ի գործիքի։ Տիկին Վարդանյանի  քաղաքական «պատրոն» Ռոբերտ Քոչարյանն, օրինակ, նախընտրական հանդիպումների  ժամանակ հաճախ էր կսկծում՝ ՀՀ իշխանությունը ոչ մի բան չի անում գերիների վերադարձի  ուղղությամբ, դիվանագիտությունը «խոդի չի գցում»՝ Ադրբեջանի վրա ճնշում բանեցնելու համար։  Այ եթե իրենք գան իշխանության, կարճ ժամկետում, «հոպ-ստոպ» ռեժիմով կլուծեն հարցը։ Բայց  քանի որ չունեն իշխանություն, կարող են իրենց անձնական կապերն օգտագործելով խնդրին լուծում տալ։  «Ըստ էության ոչ մի բան չի արվում այդ ուղղությամբ, ոչինչ։ Հենց գերիների թեման բարձրանում ա՝ ռուսների գրպանն են քցում։ Գերիների հարցով զբաղվողը դառել ա գեներալ Մուրադովը (ԼՂՀ-ում խաղաղապահ զորակազմի ղեկավարը), մենք ընդհանրապես կապ չունենք։  Ոնց որ գեներալ Մուրադովը մեղավոր ա, որ գերի ա ընկել, ինքն էլ պարտավոր ա, որ գնա, էդ գերիներին բերի։ Սա ա իրենց վերաբերմունքը։ Մենք այս հարցով այնպիսի ճնշում ենք գործադրելու Ադրբեջանի վրա՝ բոլոր հնարավոր խողովակներով, որ մենք այս հարցը լուծելու ենք։ ․․․Խայտառակություն է, որ մինչև այսօր մեր հանրությունը չգիտի, թե քանի գերի, քանի անհետ կորած ունենք»։  


Ընդդիմության՝ բարոյականություն ունենալու մասին խոսելն այլևս ժամանակավրեպ է (որ այն իսպառ բացակայում է՝ ապացուցվում է ամեն առիթով), բայցևայնպես  բարոյական ենք համարում  հարցնել՝ այս ընթացքում Քոչարյանն ու գերիների հարցը նույնքան անամոթաբար  շահարկած Սերժ Սարգսյանը  կամ, ասենք, Արթուր Վանեցյանը որևէ անգամ գործի դրե՞լ են  իրենց ունեցած կապերը գեթ մեկ գերի Հայաստան վերադարձնելու համար։ Խիստ կասկածում ենք։ Վերադարձնեին, որ ի՞նչ անեին, որ իրենց քաղաքական «տոնը» փչացնեի՞ն։ 


Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ընդդիմության բարոյական նկարագրի ու ըստ քաղաքական նպատակահարմարության դրսևորվող «գերիացավի» նոպաների մասին։    

 

Հ. Մանուկյան