ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությունը կամ լիովին պետք է վերադարձվի, կամ որևէ մեկին նախապատվություն չպետք է տրվի. Աթանեսյան

Հրապարակախոս Վահրամ Աթանեսյանը, Civic.am-ի տաղավարում  խոսելով Բաքվի բանտից վերադարձած մեր 4 հայրենակիցների և այդ կոնտեքստում  վարչապետ Փաշինյանին ուղղված քննադատությունների մասին, նկատեց՝ Ադրբեջանում էլ  նրանց ազատ արձակման համար Իլհամ Ալիևին են քննադատում: «Տարիներ շարունակ գերիների կամ բռնությամբ պահվող անձանց հայրենադարձման թեման ներքաղաքական դաշտում պահող մարդիկ այժմ ասում են, որ իբր դա Ադրբեջանի կողմից Հայաստանի նախընտրական գործընթացի վրա ազդեցություն ունենալու քայլ է, և իբր Ադրբեջանի իշխանությունը վարչապետ Փաշինյանի համար վերընտրության հաղթաթուղթ է տալիս։ Բավական ուշագրավ է, որ այդ կարգի քննադատություններ Ալիևի հասցեին հնչեցնում են Բաքվում՝ իբրև թե Լեռնային Ղարաբաղի ազատագրման համար պայքարած մարդիկ որպես հալածյալ շարունակում են մնալ բանտում, իսկ հայերին Ալիևը ազատություն է շնորհում»,- ասաց նա։


Մեր զրուցակցի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանի թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ արտախորհրդարանական ընդդիմությունը այն միտքն է ասել, որ Լեռնային Ղարաբաղում պահվող մարդկանց վերադարձ հնարավոր է միայն Հայաստանում իշխանափոխությունից հետո, որովհետև Նիկոլ Փաշինյանը թույլ  բանակցող է: «Բայց 4 անձինք հայրենադարձվել են, մանավանդ այնտեղ  կան մարդիկ, որոնց նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը շատ սուր է, ազատ են արձակվել, մինչդեռ   նրանց դատավճիռը կարող  էր օգտագործվել ՀՀ-ի դեմ։ Եթե գնահատենք իրավիճակը, ապա միջին վիճակագրական քաղաքացին չեզոք հայացքով պետք է հավատա, որ Փաշինյանն էլ կարողանում է Ալիևի հետ բանակցություններում ինչ-որ հաջողության  հասնել հայության համար զգայուն հարցում։ Իսկ ավելի լավատեսները կարող են մտածել, որ շուտով կարող են հայրենադարձվել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները»,- նկատեց նա։


Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ, ըստ Աթանեսյանի, Ալիևը բեկանել է իր իսկ կայացրած դատավճիռը, Հայաստանը սիրիացի վարձկանների դատավճիռը չի բեկանել: «Պայմանավորվածությունն այն մասին է, որ նրանք իրենց պատժի մյուս մասը կրելու են սիրիական բանտերում, իսկ Հայաստանի համար սա լուրջ գործիք է Սիրիայի հետ հետագա հարաբերությունների կարգավորման համար»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան