Ում է պատկանում Գրենլանդիան. Պեսկովի պատասխանը

Ռուսաստանը Գրենլանդիան համարում է Դանիայի տարածք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


Ըստ նրա՝ Ռուսաստանը, ինչպես և ողջ աշխարհը, հետևում է Դանիայի տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունների շուրջ ստեղծված իրավիճակին։


«Մենք ելնում ենք նրանից, որ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի Թագավորության տարածքը»,- ընդգծել է պետության ղեկավարի մամուլի քարտուղարը։


Պեսկովը նշել է, որ Կրեմլում տեղյակ են Դանիայի և Գրենլանդիայի հայտարարություններին, որ կղզին չի վաճառվում, ինչպես նաև տեղեկացված են Վաշինգտոնի ֆինանսական առաջարկների մասին։ Նա հավելել է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից սա «արտասովոր և էքստրաօրդինար» իրավիճակ է։


Այս համատեքստում Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը, ըստ որոնց՝ միջազգային իրավունքն իր համար առաջնահերթություն չէ, ինչն էլ պայմանավորում է իրադարձությունների նման զարգացումը։