Մեծ Բրիտանիայի էլիտար ստորաբաժանումները էքստրեմալ վարժանքներ են անցկացնում Արկտիկայում՝ պատրաստվելով Ռուսաստանի հետ հնարավոր առճակատմանը։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Նորվեգիայում բացվել է նոր՝ «Վիկինգ» ճամբարը, որտեղ բրիտանական ծովային հետևակայինների թիվը մինչև 2027 թվականը կկրկնապատկվի։
Ինչպես նշում է պարբերականը, վարժանքները ներառում են գոյատևում -20 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում, թռիչքներ սառցանցքերի մեջ և զորավարժություններ, որոնք մոդելավորում են ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի (կոլեկտիվ պաշտպանություն) ակտիվացման սցենարները։
«Մենք մեզ տեսնում ենք մի շղթայի վրա, որի մի ծայրում պատերազմն է, մյուսում՝ խաղաղությունը, և մենք գտնվում ենք այդ շղթայի ինչ-որ մի կետում»,- հայտարարել է բրիտանական կոմանդոսների հրամանատար, բրիգադային գեներալ Ջեյմի Նորմանը։
Politico-ն նկատում է, որ Արկտիկայի անվտանգության վրա սևեռված ուշադրությունը երկփեղկված է. ՆԱՏՕ-ն ամրապնդում է դիրքերը Ռուսաստանին հակազդելու համար։
Հունվարի 15-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ամենայն լրջությամբ է ընդունում Եվրոպայի միլիտարիզացիայի (ռազմականացման) գործընթացները և դրանք հաշվի է առնում իր ռազմական պլանավորման մեջ, ներառյալ բոլոր տեսակի սպառնազինությունների արդիականացումը։