Ուրալում վիրահատել են 50-ամյա մի տղամարդու, ում մարմնում շուրջ 20 տարի աճել է չափահաս մարդու քաշին հավասար հսկայական ուռուցք։ Այս մասին հայտնում է Սվերդլովսկի մարզի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ճարպային հյուսվածքից կազմված ուռուցքը տասնամյակներ շարունակ աճել է տղամարդու որովայնում։ Իր տեղակայման պատճառով այն կասկած չի հարուցել՝ քողարկվելով որպես սովորական ճարպային շերտ։ Սակայն վերջին ամսվա ընթացքում հիվանդի քաշը կտրուկ աճել է՝ 150-ից հասնելով 180 կիլոգրամի։ Արագ աճող ուռուցքը սեղմել է ստորին սնամեջ երակը, ամբողջությամբ տեղաշարժել աղիքները, միզապարկը և այլ օրգաններ՝ զբաղեցնելով գրեթե ողջ որովայնի խոռոչը։
Վիրահատությունն իրականացվել է Սվերդլովսկի մարզային ուռուցքաբանական դիսպանսերում։ Միջամտությունը չափազանց բարդ է եղել և ուղեկցվել է արյան մեծ կորստի ու թրոմբոէմբոլիայի բարձր ռիսկով։
Բժիշկները նախապես պատրաստել էին արյան վերադարձի (աուտոհեմոտրանսֆուզիայի) համակարգը։ Ուռուցքի չափսերի պատճառով հիվանդը չէր կարող երկար պառկել թիկունքի վրա, ուստի բժիշկները ստիպված էին հատուկ լուծումներ գտնել վիրահատական սեղանին նրա դիրքի և ինտուբացիայի (շնչառական փողակի տեղադրման) մեթոդների համար։
Վիրաբույժները աշխատել են 7 ժամ 40 րոպե և հաջողությամբ հեռացրել են հսկա նորագոյացությունը։
Վիրահատությունից հետո բժիշկները փորձել են կշռել հեռացված զանգվածը, սակայն դրա քաշը գերազանցել է բժշկական կշեռքի առավելագույն սահմանը, որը 60 կիլոգրամ է։