Լուկաշենկոն հրամայել է իրականացնել Բելառուսի Զինված ուժերի լայնածավալ և հանկարծակի ստուգում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է իրականացնել երկրի Զինված ուժերի լայնածավալ տեսչական ստուգում։ Այս մասին հայտնել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։


«...սկսվել է Զինված ուժերի լայնածավալ ստուգում։ Այն կրելու է համալիր բնույթ և բաղկացած է լինելու մի քանի փուլից։ Ստուգման միջոցառումներն ունեն հանկարծակի բնույթ»,- նշել է Վոլֆովիչը։


Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ տեսչական ստուգումն անցկացվում է՝ հաշվի առնելով «հատուկ ռազմական գործողության» փորձը (այսպես է պաշտոնական Մինսկն անվանում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը)։


Զորավարժությունների ընթացքում կստուգվի զորամասերի անվտանգությունը և պատրաստվածությունը՝ դիմակայելու պատերազմ վարելու արդիական միջոցներին, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքերին (ԱԹՍ)։


Նշվում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է վարժանքների պլանը և «անձամբ կմասնակցի տեսչական ստուգմանը»։


Այս ստուգմանը նախորդել են համատեղ շտաբային վարժանքները, որոնք անցկացվել են հունվարի 13-ից 16-ը՝ Գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոյի գլխավորությամբ։