Օգտակար հուշում ժողովրդի անունը տված Լևոն Քոչարյանին

Տարօրինակ է, որ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը խոսել է ժողովրդից և այդ ժողովրդի ճակատագիը տնօրինելու հավանականությունից։ Նրան պետք է հուշել, որ հայ ժողովուրդն իր ճակատագիրը սկսել է տնօրինել 2018-ից և շարունակում է տնօրինել»։  Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ազդարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տիգրան Պարսիլյանը՝ արձագանքելով Գեղարքունիքի մարզ օրերս այցի ժամանակ Լևոն Քոչարյանի  հայտարարությանը։ «Այդ հանդիպման ժամանակ քաղաքացիներից մեկի կողմից, որը ՌԴ-ում է ապրել, տեսակետ հնչեց, թե իբր նախկինում որպես հայ այդ երկրում  հպարտությամբ էին ման գալիս, իսկ այժմ՝ ոչ։ Նաև դիտարկում եղավ, թե իրենք՝ ընդդիմությունը, կգան ու կվերականգնեն այդ հպարտությունը․․․Ուզում եմ հարցնել՝ այդ՝ հպարտությամբ ման գալու ժամանա՞կ էր, որ ՌԴ-ում ազգությամբ հայ տղամարդուն կանացի խալաթով էին տանում դատելու, բարերար Լևոն Հայրապետյանին էին բանտարկում։ Այդ շրջանո՞ւմ էր, որ օրվա իշխանությունը միջազգային գործընկերությունը միայն մի պետության հետ էր պատկերացնում, և այդ երկրի ղեկավարը երբ գալիս էր Հայաստան, բերման էին ենթարկվում ու ոստիկանության բաժանմունքներ էին տարվում ամենաշատ ակտիվիստները»,-նշեց Պարսիլյանը՝ հավելելով՝ այո, 2026-ին ժողովուրդն է տնօրինելու իր ճակատագիրը և ընտրելու է երկու տարբերակի միջև՝ խաղաղությու՞ն, թե՞ ոչ խաղաղություն, իր ճակատագիրը տնօրինել  շարունակելո՞ւ, թե՞ այն ժամանակների վերադարձի օգտին, երբ իր ճակատագիրը տնօրինում էր փոքրաթիվ մարդկանց խումբը։

 

Պարսիլյանն, անդրադառնալով քաղաքական ուժերի միջև հնարավոր դաշինքներին, մասնավորապես ՀՅԴ-ՀԱԿ՝ օրերս տեղի ունեցած հանդիպմանը՝ նկատեց՝ ՀՅԴ-ն ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն և կասեցվել է դրա գործունեությունը։ Ստացվում է՝ այն ուժը, որը ժամանակին ՀՅԴ-ին բնորոշել էր  որպես ահաբեկչական ու «փակել» այն,  հիմա հանդիպում է «տուժողի» հե՞տ՝ հարցադրում է անում մեր զրուցակիցն ու հավելում՝ իսկ հնարավո՞ր է, որ այդ գործակցությունը չի բացառում նաև ահաբեկչական  ճանապարհով իշխանափոխության հասնելը։

 

Խոսելով Սամվել Կարապետյանի հովանու ներքո գործող, պետական գրանցում ստացած  «Ուժեղ Հայաստան»-ի  մասին, մասնավորապես՝ արդյոք այդ ուժին դիտարկում է  ՔՊ-ին մրցակից առաջիկա ընտրություններում՝  կառավարող ուժի պատգամավորը նկատեց՝ ոչ։ Ինչ վերաբերվում է հարցին՝ ով կլինի այդ ուժի վարչապետի հավանական թեկնածուն, որը, ինչպես իրենք են ասում, «ընդունելի» կլինի հանրության կողմից, Պարսիլյանը նկատեց․ «Իրենք ինձ անհանգստացնում են պետական անվտանգության առումով։ Չի կարող երկու այլ պետությունների քաղաքացին ՀՀ-ում ստեղծել կուսակցություն ու փորձել դրա միջոցով գալ իշխանության։ Ով էլ լինի իրենց վարչապետի թեկնածուն, ինքը լինելու է ենթակա կուսակցության հիմնադրին ու առաջնորդին։ Հետևաբար սպասարկելու է ոչ ՀՀ շահերը։ Եվ նույնիսկ եթե փորձեն էլ սպասարկել, իրենք կառավարելի են։ Եթե մի մարդու ակտիվները, գույքը մեկ այլ պետությունում է, ինքն ամենակառավարելին է այդ պետության կողմից։ Ահա այստեղ է, որ ես վտանգ եմ տեսնում»։

 

Տիգրան Պարսիլյանի հետ զրուցել ենք նաև եկեղեցու բարենորոգման գործընթացի «փակուղի» մտնել-չմտնելու, Կտրիճ Ներսիսյանի՝ մինչև ԱԺ ընտրությունները հեռանալու հավանականության և այլ հարակից հարցերի մասին։


Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինե Մանուկյան