Ռուս փիլիսոփա, ՌԴ իշխանությունների գաղափարախոս, իր շովինիստական հայացքներով հայտնի Ալեքսանդր Դուգինը հերթական ցնցող հայտարարությունն է արել։
Այն, ինչ Կրեմլը չի բարձրաձայնում
իր շուրթերով, անում է իր խոսափողների միջոցով՝ դա կլինի Դուգինը, Սոլովյովը, Զատուլինը,
Կոլերովը, թե այլ հայտնի դեմքեր, որոնք, այսպես ասած, մասնագիտացված են Հայաստանի հարցերով։
Ի տարբերություն մեր նշած մյուս
քարոզիչների՝ Դուգինն ավելի անկեղծ է, որովհետև գոնե չի ձևանում հայամետ, հայասեր,
տարիներ շարունակ եղել է պրոադրբեջանական քարոզիչ և ի վերջո 2020 թվականի պատերազմից հետո պնդել այն, ինչ առանց իր ասելու էլ գիտեինք՝ Ռուսաստանն
օգնեց Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, հիմա Ադրբեջանի հերթն է պարտքերը
վերադարձնելու և դառնալու ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ։
Այս հոդվածը, սակայն, Ադրբեջանի
չիրականացրած խոստումների մասին չէ, այլ Դուգինի հերթական «անկեղծության»։ Վերջինս պնդում է, որ չի կարելի համակերպվել ինքնիշխան
Հայաստանի գոյության հետ։ Այն պետությունները, որոնք, ըստ Դուգինի, դուրս են գալիս
ՌԴ ազդեցության գոտուց, դառնում են այլ պետության ֆորպոստ, ուստի, նրա խոսքով, «կա՛մ պետք է այնպես անել, որ մնան իրենց ճամբարում, կա՛մ կհայտնվեն այլ պետության գրկում»։ Հետխորհրդային երկրներից Դուգինի մտավախությունը Հայաստանի
ու Վրաստանի հետ է կապված։
Գերագույն խորհրդի պատգամավոր
Ազատ Արշակյանի խոսքով՝ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցության գոտին ու «ողբում է»: «Ընդհանրապես պետք է
ոչ թե մեզ դիմի, այլ նրանց, ովքեր խլել են իրենցից այդ ազդեցության գոտին։ Պետք է Չինաստանի
դեմ դեմարշ անի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Հնդկաստանի․․․ եթե ինքը մեզ տալիս է ազդեցության գոտու կարգավիճակ, ուրեմն
մեզ չի ճանաչում որպես սուբյեկտ ու գործընկեր։ Իմ նշած պետությունները ճանաչում են՝
թող նրանց դիմի։ Նրանց հետ չի կարող հավասարը հավասարի նման խոսել, հիմա ինքը նվաստացած է, խեղճ է, նրանից խլել
են իր խաղալիքը, մեծ ձյաձյաները ձեռքից տարել
են, ինքն էլ նստած լաց է լինում։ Ի՞նչ անենք մենք՝ քեզ լավ պահեիր, մեզ լավ պահեիր՝
կմնայինք»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։
Արշակյանի դիտարկմամբ՝ Կրեմլն այժմ մի աշտարակ չունի, «խառը» վիճակ է, որոշներն
առանց պայմանավորվածությունների դիրքավորվում են․ «Սա թթու շովինիստական կարծիք է։ Կա սովորական շովինիզմ ու թթու
շովինիզմ՝ սա թթուներինն է։ Կրեմլում դրանցից կա, բայց այդքան թթու չեն։ Կրեմլն այդ
լեզվով չի խոսում մեզ հետ, շատ ավելի կոռեկտ ՝ ֆորպոստ է ասում։ Իրենց խնդիրն է, կարող
ենք հումորով վերաբերվել։ Ինչքան այդպիսի հայտարարություններ շատ լինեն՝ նույնիսկ կասկածամիտները
կհասկանան, որ լավ պրծանք»։
Մեր զրուցակիցը համարում է, որ պետք է անհանգստանան Միացյալ
Նահանգները, Եվրամիությունը, Չինաստանն ու Հնդկաստանը: «Որովհետև այս հայտարարությունների հասցեատերը նրանք են, ոչ թե մենք։ Մենք կարող ենք միայն կողքից նայել
ու ասել՝ «բալտուն, բալտայ»»,- եզրափակեց Արշակյանը։
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Ռուսաստանը քարոզչական տիրույթում
ակտիվացրել է իր գործունեությունն ընդդեմ Հայաստանի։ Որքան էլ պաշտոնական մակարդակով
հերքում են տարբեր քաղաքագետների, լրագրողների,
փիլիսոփաների հայտարարությունները՝ դրանք համարելով անձնական կարծիք, հստակ է, որ Մոսկվայում
առանց «դաբրոների» նման հիբրիդային հարձակումներ
տեղի չեն ունենում։
Հասկանալի է՝ Հայաստանում մոտենում են խորհրդարանական ընտրությունները։
Վաղը Մոսկվան կհայտարարի, որ դրանք Հայաստանի ներքին գործն են, չունեն թեկնածուներ,
չեն աջակցում որևէ ուժի, բայց կսկսեն ու արդեն սկսել են պետական հովանավորությունը
վայելող լրատվամիջոցներով արշավ ընդդեմ ՀՀ ընտրված իշխանությունների։ Տեղական լուրերին
զուգահեռ անպայման ամեն երկրորդ լուրը կլինի
Սամվել Կարապետյանի, ահաբեկչություն պլանավորող հոգևորականների առողջության ու գործունեության
մասին, բայց հետագայում, երբ հարցը հնչի, կասեն՝ Հայաստանի ներքին գործն է, մենք պարզապես
ուշադրությամբ հետևում ենք։
Ի հեճուկս Դուգինի, Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Զատուլինի
ու մյուսների՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է ու մնալու է այդպիսին։ Կարող եք հարմարվել
ու անցնել սեփական խնդիրների լուծմանը՝ առանց այդ էլ դրանք քիչ չեն։
Մարիամ Գրիգորյան