Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև այսօր՝ հունվարի 19-ին, տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։


Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ զրույցի ընթացքում դրական է գնահատվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում անցկացված խաղաղության գագաթնաժողովից հետո ռազմավարական գործընկերության մասին խարտիայի նախապատրաստման վերաբերյալ երկկողմ շփումների և քննարկումների ակտիվացումը, և կողմերը հույս են հայտնել նախագծի հնարավորինս շուտ համաձայնեցման և ստորագրման վերաբերյալ։ Ընդգծվել է, որ այս ոլորտում սահմանված առաջնահերթությունները լրացուցիչ խթան կհաղորդեն երկու երկրների միջև հարաբերություններին։


Իր հերթին Ջեյհուն Բայրամովը փոխանցել է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի և խաղաղ կարգավորման հեռանկարների վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը։ Դրական են գնահատվել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները։ Նշվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախաձեռնության իրականացման ուղղությամբ շարունակական աշխատանքների կարևորությունը։