Սամվել Կարապետյանին կարգադրվել է անել այն, ինչ հիմա անում է. ՌԴ-ում ծպտուն հանել չէր կարող. Բագրատ Առաքելյան

Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը խղճում է այն մարդկանց, որոնք այսօր ստիպված են անել այն գործողությունները, որ ոչ մի պարագայում չէին ցանկանա անել: «Պարզապես դու չես կարող լինել հարուստ մարդ Ռուսաստանում և ինքնուրույն որոշումներ ընդունել, գործունեություն ծավալել։ Մի գրամ չեմ կասկածում, որ թե՛ Սամվել Կարապետյանի և թե՛ Ռուբեն Վարդանյանի, բազմաթիվ այլ հայերի առաջ, որոնք իրենց հարստությունը դիզել են Ռուսաստանում, այսօր մի պայման են դրել՝  պետք է անեք այն, ինչ ձեզ կհրահանգվի։ Կա՛մ դու կկորցնես թե՛ ունեցվածքդ, թե՛ այն, ինչ այս տարիների ընթացքում կուտակել ես, կա՛մ  կանես այն, ինչ քեզ կկարգադրենք։ Իսկ իրեն կարգադրվել է, որ քաղաքական ուժ ստեղծի, փորձի հերթական անգամ տապալել այն քաղաքական համակարգը, որն այսօր գործում է  Հայաստանում, քանի որ այն չի համընկնում այն պատկերացումներին, որ Ռուսաստանում կան Հայաստանի հետ կապված»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։


Մեր զրուցակցի խոսքով՝ պատահական չէ, որ նրանք և նախկին նախագահները նույն կարգախոսներն ունեն: «Ասում են՝ մենք ընդհանրապես կապ չունենք նախկինների հետ, բայց մեր  ժողովուրդն արդեն քիչ թե շատ սկսում է  ճանճերը կոտլետից տարբերել, հասկանում են՝ ով իրենից ինչ է իրականում ներկայացնում։ Երբ ոմն միլիարդատեր, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանը, ծառի տակ կանգնած ասում է՝ Ռուսաստանի անձնագրից հրաժարվում է, գալիս է հայրենիքում գործունեություն ծավալի, ամեն ինչ ակնհայտ է, կամ  նույն Սամվել Կարապետյանը, որ Ռուսաստանում ծպտուն չէր կարող հանել որևէ պետական ատյանի առաջ, հանկարծ եկավ Հայաստան ու ասաց, որ հիմա այստեղ «մեր ձևով» հարցեր կլուծեն։ Այդ ամենը ջրի երեսին է, տեսնում ենք։ Համոզված եմ, որ նրանք որևէ լուրջ փոփոխություն Հայաստանում չեն բերելու»,- նկատեց Առաքելյանը։


Բագրատ Առաքելյանը համարում է, որ ռուս քարոզիչներն այսօր «ատամ են գցում»՝ փորձելով հասկանալ, թե ինչ արձագանք կլինի իրենց հնչեցրած հայտարարություններին։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան