«ԵՄ-ն հիմա էլ «փաղաքշում» է Հայաստանին՝ փորձելով վնասել ԵԱՏՄ-ին». Լավրով

ԵՄ-ն ամեն կերպ փորձում է վնասել ԵԱՏՄ-ին, դա վերաբերում է նաև Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։


«ԵՄ-ն ամեն կերպ փորձում է վնասել ԵԱՏՄ-ին, այդ թվում՝ բոլորին հայտարարելով, որ Եվրամիությանը անդամակցությունը պետք է լինի առաջնահերթություն բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են նորմալ զարգանալ, ովքեր մտածում են իրենց ժողովրդի մասին։ Հիմա, ինչպես գիտեք, Հայաստանին են «փաղաքշում»»,- ասել է Լավրովը։


Նրա խոսքով՝ բազմիցս քննարկվել է ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիության հարցը իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։


«Այս հայտարարությունները մեզ թյուրիմացության մեջ են գցում։ ԵՄ-ի հետ մերձեցումը առանց հետքի չի անցնում։ Հենց ԵՄ-ն է անընդհատ խոսում «Ռուսաստանի կողմից եկող հիբրիդային սպառնալիքների» մասին։ ԵՄ-ն միջոցներ է տրամադրում դրա համար՝ վերջերս եղել է 15 միլիոն եվրոյի տրանշ։ Չեմ կասկածում, որ բրյուսելյան բյուրոկրատիան կստիպի մեր հայ ընկերներին հատուցել այս տրանշի յուրաքանչյուր ցենտի դիմաց»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։


Նա հավելել է, որ արտաքին քաղաքական կուրսի ընտրությունը հայ ժողովրդի և երկրի ղեկավարության ինքնիշխան իրավունքն է, սակայն երկու միավորումներին միաժամանակ անդամակցելը բացառվում է։


Լավրովի խոսքով՝ Մոսկվան նաև մտահոգությամբ է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող զարգացումներին։