«Ղրիմը ոչ պակաս կարևոր է ՌԴ անվտանգության համար, որքան Գրենլանդիան՝ ԱՄՆ-ի». Լավրով

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը, հիշեցրել է Ղրիմի բռնակցումը Ռուսաստանի կողմից և նշել, որ թերակղզում անցկացվել է Ռուսաստանի Դաշնությանը միանալու հանրաքվե։


Լավրովը մեջբերել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի խոսքը, որի կարծիքով՝ «Գրենլանդիայի ապագան կարող է որոշել միայն գրենլանդացի ժողովուրդը՝ համաձայն Դանիայի Թագավորության օրենքներով երաշխավորված ինքնորոշման իրավունքի»։


«Ղրիմի ժողովրդին դրեք գրենլանդացի ժողովրդի տեղը, և, հավանաբար, շատ բան ձեզ համար պարզ կդառնա։ Ընդ որում, Ղրիմում մարդիկ հանրաքվեի են գնացել՝ հակասահմանադրական պետական ​​հեղաշրջումից հետո, երբ իշխանության եկած պուտչիստները պատերազմ էին հայտարարել ռուսերենի դեմ և զինյալներ ուղարկել Ղրիմի Գերագույն խորհուրդը գրոհելու, իսկ Գրենլանդիայում ոչ ոք որևէ հեղաշրջում չի կազմակերպել։ Ուղղակի, ինչպես ասել է նախագահ Թրամփը, այդ տարածքը կարևոր է Միացյալ Նահանգների անվտանգության համար»,- հայտարարել է Լավրովը։


«Ղրիմը Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար ոչ պակաս կարևոր է, քան Գրենլանդիան՝ Միացյալ Նահանգների համար։ Երբ արդարացնում են Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցողը նրանով, որ այն կգրավեն Ռուսաստանը կամ Չինաստանը... նման հաստատումներ չկան»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։