Դրսից կառավարվող ուժերը փայլուն, գունավոր կերպարի տակ զբաղված են հավաքագրմամբ

Գաղտնիք չէ, որ առաջիկա ընտրական գործընթացում ներգրավված է մի ուժ, որն ուղարկված է ՌԴ-ից, այդ ուժի լիդերները ՌԴ-ում են գործունեություն ծավալում ու կառավարվում են հենց այդտեղից։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում նշեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ խոսելով ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի հովանու ներքո գործող, պաշտոնապես գրանցված «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին։ «Այդ մարդիկ, որոնք կառավարվում են այլ ուժային կենտրոնի կողմից, այսօր փայլուն, գույնզգույն ինչ-որ կերպարանքներ ընդունելով ուզում են իրենց շարքերում հավաքագրել նաև մեր շարքային քաղաքացիներին։ Այդ քաղաքացիների մի մասն էլ, բարեխիղճ մոլորության մեջ ընկնելով, հավաքագրվում է։ Ինչու եմ ասում՝ հավաքագրվում են, այլ ոչ՝ անդամագրվում, քանի որ հայտնի շարժումները որպես դեսանտ են իջեցված ՀՀ-ում, և նրանց մասնակցությունը ընտրական գործընթացին հավաքագրման տրամաբանությամբ է։ Ես տեսնում եմ, որ այդ ուժերը, որոնք տիրապետում են քաղաքական ռեսուրսների, փորձում են ամեն կերպ քաղաքական ճանապարհով իշխանափոխություն իրականացնել, բայց նրանց միակ նպատակը ՀՀ-ն ինքնիշխանությունից զրկելն է, այլ նպատակ չկա»,- նշեց պատգամավորը։


Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի՝ 2026-ի ընտրապայքարին լայն դաշինքով մասնակցելուն և մասնավորապես «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանի  հայտարարությանը, թե՝ խորհրդարան անցնելու դեպքում չեն բացառում «Գյումրի 2» սցենարի կրկնությունը, «որից էլ սարսափում է իշխանությունը», Արմեն Խաչատրյանը նկատեց. «Կառավարող ուժը ոչ մի բանից էլ չի սարսափում, բայց ամեն ինչ անելու է, որ երկրի պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանվի, այսինքն՝ այն արդյունքները, որոնց հասել ենք այսօր՝ երկիրը դնելով ամուր ռելսերի վրա, և շատ արագ առաջ ենք ընթանում։ Այս ընթացքը  որևէ կերպ թույլ չենք տալու, որ կասեցվի։ Այո, ընդդիմության հույսը «Գյումրի 2» սցենարն է, իրենք հույս ունեն, որ ՔՊ-ն 50+ տոկոս մանդատներ չի ունենա, և իրենք՝ ամեն մեկն իր մի քանի տոկոսով, կմիանան ու կձևավորեն իշխանություն»։


Իսկ ի՞նչ է անելու ՔՊ-ն՝ նման սցենար թույլ չտալու համար։ Արմեն Խաչատրյանը նշում է՝ բացի նրանից, որ աշխատանք են տանելու քարոզչական ոլորտում՝ հիբրիդային պատերազմին դիմակայելու սկզբունքով, նաև հասարակությանն են ներկայացնելու այն բոլոր ձեռքբերումները, որոնք պետությունն արձանագրել է ՔՊ-ի կառավարման օրոք՝ խաղաղություն, լայնածավալ շինարարություն՝ ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, բարեփոխված բանակ, ժամանակակից սպառազինություն, տնտեսական ձեռքբերումներ՝ ի տես ԹՐԻՓՓ-ի, ժողովրդավարական արժեքների ամրապնդում և այլն։ «Նախկինում ասում էինք՝ մեզ ընտրեք, լավ ապագա է լինելու, ապագա կա, հիմա ասելու ենք՝ այդ ապագան եկել է, սկսվել է՝ դպրոցը կա, ճանապարհը կա, զենքն ու բանակը կան, և իհարկե, ՀՀ-ն զարգացման մեծ ու երկար ճանապարհ ունի անցնելու»։   


  Խաչատրյանն անդրադարձավ նաև ընդդիմության շահարկումներին՝ կապված ԹՐԻՓՓ-ի հետ, թե՝ Հայաստանը միջանցք է տվել,  այդ մեգանախագծում ունի ընդամենը 26 տոկոս մասնաբաժին և, ինչպես Արմեն Ռուստամյանն է հայտարարել, սա  նախագիծ է, որը «չունի իրավական ուժ»։ «Եթե ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական նշանակության փաստաթուղթը չունի իրավական ուժ, ապա թող Արմեն Ռուստամյանը մտածի՝ այդ ո՞ր երկրի հետ ստորագրված փաստաթղթերն են, որ ունեն իրավական ուժ։ Միգուցե միայն ՌԴ-ի՞ հետ ստորագրված, մասնավորապես նոյեմբերի 9-ի հայտարարությունը»,- հակադարձեց մեր զրուցակիցը։


Արմեն Խաչատրյանի հետ  խոսել ենք նաև եկեղեցու բարենորոգման գործընթացից և այլ հարակից թեմաներից։ 

 

Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։  

Հեղինե Մանուկյան