Հայաստանում կառուցվում է տարածաշրջանի ամենամեծ շոկոլադի գործարանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։



 

Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։




 

Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։



 

Ներկայումս ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։





Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։


 

Նախատեսվում է արտադրել հրուշակեղենի լայն տեսականի՝ շոկոլադե և կարամելային կոնֆետներ, սպիտակուցային և մրգային բատոններ, շոկոլադապատ թխվածքաբլիթներ և վաֆլիներ, ինչպես նաև հայկական չրեր՝ պատված բարձրորակ շոկոլադով։



 

«Վելլար գրուպ»-ն օգտվել է պետական օժանդակության գործիքակազմից՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից և ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց ծրագրից։



 

«Վելլար գրուպ»-ը շվեդական ծագմամբ GNG միջազգային բիզնես խմբի ընկերություններից է։