«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այդ գլուխը, այլապես դա կհանգեցներ անվերջանալի պատերազմների». Ալիև


«Մենք վերականգնեցինք արդարությունը, միջազգային իրավունքը, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ապա հասանք խաղաղության։ Եվ հետո մենք կանգ առանք։ Իսկ երեսուն տարի տառապած երկրի առաջնորդի համար ճիշտ պահին կանգ առնելը շատ պատասխանատու և կարևորագույն որոշում է»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Դավոսում «Եվրասիայի տնտեսական նույնականության սահմանումը» թեմայով պանելային քննարկմանը։


Ալիևի խոսքով՝ իրենք կարող էինք շարունակել. «Ես շատ անկեղծորեն հայտարարում եմ ձեզ և ամբողջ լսարանին. դա կհանգեցներ անվերջանալի պատերազմների շարքի, ավելի մեծ տառապանքների, ավելի մեծ թվով զոհերի, և այդ դեպքում պատերազմը երբեք չէր ավարտվի։ Բայց ինչ-որ մեկը պետք է կանգնեցներ այն, և որոշեցինք դա անել մենք։ Այո, դա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության համատեղ որոշումն էր՝ փակել այդ գլուխը և տեսնել խաղաղության հաստատման հնարավորություններ։ Եվ մենք, ինչպես արդեն ասացի, կարծում եմ՝ պատերազմից հետո դա ռեկորդային արագություն էր, կարողացանք 2023 թվականի սեպտեմբերի լուրջ ռազմական բախումից հասնել մինչև 2025 թվականի օգոստոս, երբ Հայաստանի վարչապետն ու ես ստորագրեցինք համատեղ հռչակագիր, իսկ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց նախագահ Թրամփի ներկայությամբ։ Նախագահ Թրամփը հռչակագիրը ստորագրեց որպես վկա, և, ինչպես արդեն ասացի, մենք վերջ դրեցինք այս պատերազմին աշխարհի թիվ մեկ գրասենյակում»։