Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները. Վահե Հովհաննիսյան

Շատ դրական փոփոխություն կա, որը մի կողմից պայմանավորված է ՀՀ բանկային համակարգում դրամային լիկվիդայնության մեծացմամբ, բայց մյուս կողմից նաև պայմանավորված է նրանով, որ Հայաստանով շարունակում են հետաքրքրվել միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները:Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ամփոփելով 2025 թվականի աշխատանքները:


«Իրենք մասնակցում են մեր տեղական աճուրդներին՝ դրանով իրենց դրական ազդեցությունն ունենալով մեր տոկոսադրույքների վրա:


Սա այն քաղաքականությունն է, որի մասին տարիներ շարունակ խոսել եմ, որ պետք է ջանքեր գործադրենք Հայաստան օտարերկրյա ներդրողներ ներգրավելու ուղղությամբ, և սա, ըստ էության, այս պահի դրությամբ տեղի է ունենում: Այդ պահի դրությամբ մեր պարտատոմսերի մեջ նրանց մասնաբաժինը 7 տոկոսից ավելին է, եթե նախկինում դա 1 տոկոսից նույնիսկ ցածր էր»,- նշել է նախարարը:


Նա նաև հայտնել է, որ դրական նորություն կա․ սպասում են պարտքի սպասարկման ծախսերի՝ պլանավորվածից ավելի ցածր մակարդակ:

«Այսինքն՝ այն, ինչ գրել ենք 2026 թվականի բյուջեով որպես պարտքի սպասարկման գումար, ամենայն հավանականությամբ, կունենանք դրանից ավելի ցածր մակարդակ: Սա պայմանավորված է նրանով, որ մենք տեսնում ենք շուկայի դրական զարգացումներ ոչ միայն միջազգային շուկաներում, այլև Հայաստանում»,- ասել է Հովհաննիսյանը: