Սամվել Կարապետյանի թեզերը նախընտրական պոպուլիզմ ու տնտեսական աբսուրդ են

Պոպուլիզմը հասել է աներևակայելի մասշտաբների, «Մեր ձևով»-ի Նարեկ Կարապետյանի ներկայացրած «Ուժեղ Հայաստանի» տնտեսական քայլերը իրականում աբսուրդի մասին են։ Իրենց թվում է, թե եթե տնտեսություն բառի կողքին դնեն որևէ ածական՝ «ուժեղ», «հզոր», «զարգացած», բոլորը պետք է ականջները կախեն ու ասեն՝ «այ, որ ասաց՝ ուժեղ, ուրեմն ուժեղ էլ լինելու է»։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ազդարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Ն. Կարապետյանի ներկայացրած տնտեսական դրույթներից մասնավորապես 300 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանն ու թոշակների բարձրացմանը։ Նախընտրական հեքիա՞թ է սա, թե՞ իրականանալի խոստում՝ մեր հարցին ի պատասխան ՔՊ խմբակցության անդամը նկատեց. «Աշխատատեղերի ավելացմամբ թոշակառուների կենսաթոշակի գումարը ավելացնելու և արժանապատիվ թոշակ տրամադրելու մասով նկատեմ՝ երբ Կարապետյանն ասում է, որ ունենք 800 հազար թոշակառու, և պետք է ընդամենն ավելացնել աշխատողների քանակն ու դրանով ապահովել անհրաժեշտ թոշակի մակարդակ, ապա հարց նրան՝ ինքը կարծում է, որ 5 տարում թոշակառուների քանակը չի՞ ավելանալու, 800 հազարը ստատիկ թիվ է և ընդամենը, փաստորեն,  պետք էր աշխատատեղե՞ր ավելացնել։ Նա չի նշում նաև, թե իր ասած այդ աշխատատեղերն ինչպիսի աշխատատեղեր են, որքան է լինելու մարդկանց աշխատավարձը։ Եվ եկամտահարկից հերիք չի՝ հնարավոր է լինելու այդ մարդկանց թոշակն ապահովել, այլ նաև այլ քաղաքացիների թոշակը։ Ես կարծում եմ, որ այս ամենը նախընտրական պոպուլիզմ է, Կարապետյանը երևի թե շփոթել է պետությունը, քանի որ մենք ազատ շուկայական հարաբերություններ ունեցող պետություն ենք, և իր ասած մոդելը հնարավոր էր կիրառել նախկին ԽՍՀՄ-ում, երբ կենտրոնացված պլանային տնտեսություն էր, երբ պետությունն էր բոլոր բիզնեսների տերը»։


Ծովինար Վարդանյանը հավելեց, որ ակնհայտորեն քաղաքական նորաթուխ կուսակցության գերխնդիրը նախընտրական շրջանում սոցիալական նման փաթեթավորումներով համակրանք ստանալն է, սակայն ՀՀ քաղաքացիները ունեն բավարար խոհեմություն՝ նման խոստումներով չգայթակղվելու համար։ «Այս շարքից է նաև 1 դրամով վարչապետ աշխատելու պատրաստակամությունը, որի համատեքստում Նարեկ Կարապետյանը համեմատական է տանում ԱՄՆ նախագահի հետ։ Գուցե իր շրջապատում իրեն այնպես են ներշնչել, որ իր մոտ նման ամբիցիաներ է ձևավորվել, բայց պետք է իր կողքին լինի մեկը իր խորհրդատուներից, որ ասի՝ չի կարելի նման պոպուլիզմ, դա միայն հակակրանք է առաջացնում»։


Դիտարկմանը՝ գուցե փորձում են աչքը կուշտ, «տեսած» մարդու կերպարո՞վ ներկայանալ հանրությանը, կերպար, որը կգա ու ոչ թե իր գրպանի մասին կմտածի, այլ ժողովրդի դարդն ու ցավը կհոգա, մեր զրուցակիցն արձագանքեց «Մեր ժողովուրդը տեսել է, թե  ձեր ասած «կուշտ» մարդիկ ինչով են կշտացել ժամանակին։ Եվ դա, բնականաբար, եղել է ոչ օրենքի շրջանակում և ոչ իրենց արդար քրտինքով վաստակած գումարով։ ՀԷՑ-ի օրինակով ասեմ՝ իրենց գնումները՝ ապրանքների և ծառայությունների, կատարվել են հենց իրենց պատկանող ընկերություններից։ Ուժեղ տնտեսության մասին խոսողները իրենց պատկերացրած ուժեղ մեթոդները պետք է առաջին հերթին կիրառեին իրենց պատկանող ընկերություններում։ Եվ այդ ընկերություններում մենք պետք է տեսնեինք ոչ թե հնամաշ գույք, այլ զարգացած ենթակառույց, որը ամեն մեկին չէր վիճակված մենաշնորհի տեսքով ունենալ։ Եթե իրենք ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ կառույցը այսքան ժամանակ չեն կարողացել դարձնել այնպիսին, որ պետությունն այդտեղ խնդիր չունենար, ապա ողջ պետության կառավարո՞ւմն ինչպես են իրականացնելու։ Ի՞նչ վստահություն, որ այդ մարդիկ սուտ չեն խոսում»։ Խոստում տվողը, ըստ Վարդանյանի,  պետք է իր՝ արդեն իսկ արված գործով ապացուցեր, թե ինչպիսի տաղանդավոր, փառահեղ կառավարիչ է, այլ ոչ թե այժմ, երբ երկրի կառավարումը ստանձնելու քաղաքական հայտ է ներկայացրել։


Ծովինար Վարդանյանի հետ խոսել ենք նաև եպիսկոպոսաց ժողովի՝ արտերկրում անցկացնելու, մինչև հունիս Կտրիճ Ներսիսյանի հեռանալու և այլ թեմաներից։


Զրույցի մանրամասները՝ տեսանյութում։