ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ընդդեմ «Երկիր խմբագրություն» ՍՊԸ-ի ներկայացված քաղաքացիական հայցի՝ դատարանի կողմից բավարարելու մասին՝ պատասխանելով նաև ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանին, որը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, թե կառավարող ուժի ներկայացուցիչները «լույսի արագությամբ» հարստանում են։ «Մինչ տիկին Ագնեսա Խամոյանը խոսում է մեր՝ իբր թե «լույսի արագությունից ավելի արագ հարստանալու» մասին, իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցները «հույսի արագությամբ» նույնը գրում են, հետո «ձայնի արագությամբ» հերքում իրենց ստերը»,-մասնավորապես նշել է Հակոբյանը։
Դատարանը, նշենք, 2025-ի սեպտեմբերին հրապարակած վճռով պարտավորեցրել է հիշյալ
լրատվամիջոցին հերքել իր կողմից հրապարակված տեղեկությունները, որոնք զրպարտություն
են և չեն համապատասխանում իրականությանը։ Պատգամավորը 2024-ին էր հայցը
ներկայացրել դատարան և պահանջում էր «հրապարակայնորեն
հերքել տեսանյութում պարունակվող, զրպարտություն համարվող փաստացի տվյալները,
որոնք ներկայացված էին «ՀեղաՓՈՂականները» վերնագրով տեսանյութում։ Հայցվորը նաև պահանջել էր
պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 500,000 ՀՀ դրամ՝ որպես զրպարտության
համար նյութական փոխհատուցում:
Դատարանի
վճռով «Երկիր» Խմբագրություն»-ից հօգուտ Հրաչյա Հակոբյանի պետք է բռնագանձվի 23000 ՀՀ դրամ, որից
20000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական պահանջի, և 3000 ՀՀ դրամ՝ որպես նյութական պահանջի
համար հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։
Հեղափոխական թիմի իբրև թե
արագ հարստացման թեմային, նկատենք, Հրաչկա Հակոբյանն անդրադարձել էր նաև 2024
թվականի մայիսի 24-ին՝ ֆեյսբուքի իր էջի գրառմամբ։ «Մի «մաքսանենգության» պատմություն, կամ ինչպես կասեր
«դասականը» իր խոհանոցային եթերներոում՝ ՍՏԻ ՎԵՐՋԸ» վերնագրի ներքո պատգամավորը
նշել էր․ «Ուղիղ 4 տարի առաջ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը սկսեց լուրեր
տարածել, թե իբր ես մաքսանենգ ճանապարհով ծխախոտ եմ տեղափոխում այլ երկրներ,
մասնավորապես՝ խոսում էր ինչ-որ ծխախոտով բեռնված ինքնաթիռի մասին, որը կանգնեցրել
են Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում, և դա ներկայացնում որպես իմ «բիզնես»։ Այդ
բովանդակությամբ հրապարակումներ և եթերներում դրա մասին հայտարարություններ
սկսեցին անել քաղաքացիներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Գագիկ Համբարյանը,
Մարինա Խաչատրյանը: Այդ օրերին բազմիցս հերքել եմ և ապա հայց եմ ներկայացրել
դատարան Միքայել Մինասյանի, Նարեկ Սամսոնյանի, Արթուր Դանիելյանի, Գագիկ
Համբարյանի և Մարինա Խաչատրյանի դեմ՝ զրպարտությունը հերքելու պահանջով:
Ներկայացրածս բոլոր
հայցերը դատարանը բավարարել է, համարել, որ սույն անձինք զրպարտել են ինձ, և
պարտավորեցրել գրառման կամ եթերի միջոցով հերքել արված հայտարարությունները, այն է՝
իմ կողմից մաքսանենգությամբ զբաղվելը»: