Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս, հետևելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջերս արած հայտարարություններին, ճեպազրույցում մեկնաբանել է Գյումրիի քաղաքապետ, ներկայումս կալանքի տակ գտնվող Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը։
Զախարովան ընդգծել է, որ քրեական հետապնդումը «ավանդական
դաշնակցի» հետ հարաբերությունների ամրապնդման օգտին հայտարարությունների համար ինքնին
աբսուրդ է։
Ռուսաստանը միշտ հանդես է եկել և հավատարիմ է մնում
այն բանին, որ Հայաստանը լինի ինքնիշխան, անկախ և բարգավաճ պետություն, ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ նա դա նում է ոչ թե խոսքով, այլ այն քայլերով, որոնք ձեռնարկվում են այս
քաղաքական տրամաբանության և կամքի հիման վրա։
Նա նաև նշել է, որ Հայաստանի ղեկավարության արձագանքը
Ղուկասյանի հայտարարություններին զարմանալիորեն աններդաշնակ է այն բանին, թե ինչպես
է Երևանը երբեմն նախընտրում չնկատել մի շարք երկրների, այդ թվում՝ եվրոպական երկրների
ռեպլիկները։
«...Մենք չենք տեսել իրավական գործընթացներ և
ավելին՝ այն անձանց կալանավորումները, ովքեր կոչ են անում առանց հետ նայելու գնալ դեպի
Եվրամիություն։ ԵՄ-ին միանալը, սակայն, իսկապես կապված է ինքնիշխանության մի մասից
հրաժարվելու հետ։ Այս մոտեցումը ընկնում է Հայաստանի քրեական օրենսգրքի հոդվածներից
մեկի տակ։ Ինչո՞ւ պատասխանատվության չենթարկել նրանց, ովքեր, Հայաստանին դեպի ԵՄ մղելով,
բառացիորեն կոչ են անում երկրին հրաժարվել ինքնիշխանությունից՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն։
Թող տեսնեն, թե ինչ է կատարվում հիմա ԵՄ-ի ներսում»,- հավելել է նա։