Զելենսկին Եվրոպային մեղադրել է թուլության և անվճռականության մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոպային մեղադրել է Գրենլանդիայի հարցում թուլության և անվճռականության մեջ և հերթական անգամ կոչ է արել եվրոպացիներին Ուկրաինային ներառել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) կազմում։ Նման հայտարարություններով ուկրաինական առաջնորդը հանդես է եկել Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում։


Իր ելույթում նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Եվրոպան պատրաստ է միայն չնչին քանակությամբ զինվորներ ուղարկել Գրենլանդիա՝ կղզու նկատմամբ Միացյալ Նահանգների հավակնությունների ֆոնին։


«Ինչո՞ւ ԱՄՆ-ը կարող է խոչընդոտել Ռուսաստանի ստվերային նավատորմին, իսկ Եվրոպան՝ ոչ։ Պետք է ուժեղ Եվրոպա։ Եվրոպացիները սպասում են, որ Նահանգները կօգնեն Ռուսաստանի հարձակման դեպքում, բայց ի՞նչ կլինի, եթե նրանք չմիջամտեն։ Դուք 30–40 զինվոր եք ուղարկում Գրենլանդիա, հանուն ինչի՞։ Ի՞նչ ուղերձ եք հղում։ Ի՞նչ ուղերձ եք հղում Պուտինին, Չինաստանին։ Եվ ավելին՝ ի՞նչ ուղերձ եք հղում Գրենլանդիային։ Որովհետև 30–40 զինվորը նրանց չեն պաշտպանի», — ասել է Զելենսկին։


Այնուհետև Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ եթե իր երկիրը լիներ ՆԱՏՕ-ի անդամ, ապա Կիևը «կկարողանար լուծել ռուսական նավերի խնդիրը»։