80 միլիոն ԱՄՆ դոլար վնասի վերականգնում՝ Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով. ամփոփվել են 2025 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշները:
Վերականգնված վնասի ցուցանիշներում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող՝ 1 միլիարդ 755 միլիոն դրամ արժեքով ընկերությունը:
Ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 15 միլիարդ 440 միլիոն դրամ, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին: Համեմատության համար նշենք, որ նշված ցուցանիշը շուրջ 2,4 միլիարդ դրամով գերազանցում է 2024 թվականի վնասի ցուցանիշը: Պետությանը պատճառված վնասի վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր և նրանց հետ առնչություն ունեցած անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի և նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող և մի շարք այլ քրեական վարույթների շրջանակներում: