Էկոնոմիկայի նախարարը հանձնարարականներ է տվել հայկական գինու մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:


 

ՀԽԳՀ-ի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է հիմնադրամի 2025 թ․ հաշվետվությունը և հիմնադրամի ռազմավարական նպատակները։


 

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները, հայկական խաղողի տեսակների ներուժի ուսումնասիրման, կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացված ու նախատեսվող ծրագրերը, խաղողագործության ու գինեգործության ոլորտի թվայնացման ուղղությամբ կատարված քայլերը։


 

Նախարարը նիստի ընթացքում տվել է հստակ հանձնարարականներ, որոնք ուղղված են ոլորտի զարգացմանն ու հայկական գինու ճանաչելիության բարձրացմանը։


 

Անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից 2026 թվականին նախատեսվող ծրագրերին ու միջոցառումներին, միջազգային շուկաներում հայկական գինու մրցունակության բարձրացմանն ուղղված քայլերին։


 

Նիստի ընթացքում Խորհուրդը հաստատել է Հիմնադրամի 2026 թ․ տարեկան ծրագրերն ու բյուջեն։