2025-ին 2024-ի համեմատությամբ Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 64 մլն խմ պակաս ջուր

Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900,23 մետր: Արփա-Սևան ջրատարով լիճ է տեղափոխվել 120 մլն խորանարդ մետր ջուր՝ 2024-ի համեմատությամբ 64 մլն խորանարդ մետրով պակաս: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:


«Շարունակվում են լճի մոնիթորինգի տվյալների ճշգրտման աշխատանքները, առափնյա գոտում տեղադրվել է 1 ավտոմատ օդերևութաբանական կայան, արդիականացվել են ավազանի 2 հիդրոլոգիական դիտակետերը:


Կենսապաշարի կայուն օգտագործման նպատակով 2025-ին սահմանվել է սիգի արդյունագործական որսի 1123 տոննա չափաքանակ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ ավելի է 436 տոննայով:


Փաստացի որսացվել է 1103 տոննա: Վճարվել է շուրջ 72.5 մլն դրամ բնօգտագործման վճար, ինչը 14,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց նա:


Վերանայվել են կենդանական աշխարհի օբյեկտների վճարների դրույքաչափերը, ըստ այդմ՝ 2026-ին դրանք բարձրացվել են մոտ 2 անգամ, իսկ սիգի 1 կգ-ի համար՝ մոտ 3 անգամ՝ մինչև 200 դրամ՝ նախկին 60 դրամի փոխարեն: